ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը սխալների ուղղում է անում` շրջիկ այցեր է կատարում մարզերում: Վերջին այցը եղել է Լոռու մարզ։ ՆԳՆ-ն ասում է՝ այս ձեւաչափի նպատակն է քաղաքացիների համար հասանելի ու հարմարավետ դարձնել մատուցվող ծառայությունները։ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության աշխատակիցները շրջում են համայնքներով՝ փորձելով սպասարկել հնարավորինս շատ քաղաքացիների։ Հանրության շրջանում անձնագրային բաժիններից այնքան շատ են դժգոհությունները, որ Ծառայությունը որոշել է նման նորամուծությամբ կանխել դժգոհությունները: Բայց հարց է առաջանում` ինչո՞ւ էին փակում մարզերի անձնագրայինները, խոշորացնում, տեղափոխում այլ բնակավայրեր, որ հիմա էլ շրջիկ կրկեսի նման մեկնեն մարզեր` մարդկանց սպասարկելու: Չարենցավանում, Վարդենիսում, այլ համայնքներում այս տարի անձնագրային բաժինները փակեցին, իսկ մայրաքաղաքում անձնագիր ստանալու համար գրանցվում են առցանց, եւ հերթը հասնում է 2 ամսից ոչ շուտ: ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանից հետաքրքրվեցինք` սա ի՞նչ շրջիկ նորամուծություն է։

«Շրջիկ ծառայությունը նույն սովորական անձնագրային բաժինների գործառույթներն է իրականացնում` որոշ սահմանափակումներով: Մարզից մարզ են այցելում: Դեռ 3 մարզերում ենք իրականացրել: Մեկնարկել ենք Արմավիրի մարզից, հետո՝ Կոտայք ու Լոռի: Մյուս շաբաթ Շիրակի մարզում է լինելու: Աշխատում ենք ՏԻՄ-երի հետ: Պլանավորում ենք, ժամանակացույց ենք կազմում եւ տվյալ մարզի տարբեր համայնքներում ենք լինում, մի քանի օր` Լոռվա մարզում, մի քանի օր` Արմավիրի: Կոտայքի մարզում եղել ենք շուրջ 2 շաբաթ` 10 տարբեր գյուղեր ենք այցելել: Կարիքի գնահատումն անում են մարզպետի աշխատակազմերը: Ինչ վերաբերում է շրջիկ ծառայության սահմանափակումներին, ապա ասեմ, որ վերցնում ենք միայն անձնագրի դիմումներ, նույնականացման քարտի դիմումը պետք է տեղում արվի: Սոցիալական քարտ եւս չի տրամադրվում: Հիմնականում կատարվում է անձնագրի փոխանակում, եւ բռնի տեղահանված անձանցից քաղաքացիության դիմումներ ենք ընդունում, լինում են նաեւ հաշվառման դիմումներ։ Շրջիկ ծառայության իմաստը նաեւ այն է, որ խոցելի խավին, տեղաշարժի խնդիր ունեցողներին աջակցենք: Տնայցեր էլ ենք կատարում` անկողնային հիվանդներին: Մյուս դեպքերում գյուղապետարաններում, համայնքապետարաններում են կատարվում աշխատանքները: Երեւանին շրջիկ ծառայությունը չի վերաբերում: Երեւանի ամեն համայնքում կա անձնագրային բաժին»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել