ՔՊ-ական Կարապետյան Մարիշն իր՝ մոտ կեսժամյա հարցազրույցում չի կարողացել պատասխանել այն հարցին, թե ի՞նչն է ՔՊ-ին լավատեսություն ներշնչում խաղաղության հասնելու հարցում, կամ ո՞րն էր Ադրբեջանին այսքան զիջումներ անելու իմաստը, եթե Բաքուն պատերազմ սկսելու համար շարունակում է պատրվակներ փնտրել՝ հրաժարվելով խաղաղության համաձայնագիր ստորագրել:
Այն, որ Մարիշը չի կարողացել հստակ պատասխաններ շարադրել տարածաշրջանային իրավիճակից բխող հարցերին, պետք է համարել ոչ թե նրա անձնական տգիտության հետևանք, այլ միանգամայն օբյեկտիվ պատահար. չի կարող լինել մեկը, ով կկարողանա հոդաբաշխ բացատրություն տալ Նիկոլի կողմից տարիներ ի վեր վարվող քաղաքականությանը, քանի որ այն, ըստ էության, տապալված է այլևս, իսկ «Մեր ուժը մեր թուլության մեջ է» հայտնի արտահայտությունը հասցրել է ապացուցել իր սնամեջությունը. թուրքն ուրիշ լեզվով է խոսում:
Միաժամանակ արձանագրենք, որ չնայած ամեն ինչին՝ Մարիշը շարունակել է պնդել, որ Հայաստանը հետայսու ևս շարունակելու է վարել միևնույն քաղաքական գիծը, քանի որ, ըստ նրա, մեզ պետք են ոչ թշնամի հարևաններ: Ասել կուզի՝ խոստովանել է, որ իրենք շարունակելու են թուրքին բոլոր դիրքերով ու բոլոր բնական ուղիներով բավարարելու քաղաքակնությունը, միայն թե պահպանեն իշխանությունը, միայն թե վարչապետ, նախարար ու պատգամավոր մնան:
Սրա առաջն առնել կարող է միայն ժողովուրդը, որը, ցավոք, բավարար ակտիվություն չի ցանկանում ցուցաբերել. հոգնել են, բեզարել: