2021 թվականի տեղական ընտրություններին ամենաշատ թվով ձայներ ստացած քաղաքական ուժը` «Մամիկոն Ասլանյան» դաշինքը, Ասլանյանի` բանտից ազատ արձակվելուց հետո հնարավորություն ուներ համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով ավագանու նիստ նախաձեռնել, բայց որեւէ քաղաքական քայլ չի նախաձեռնվել։ Մամիկոն Ասլանյանը «Հրապարակ»-ին ասաց՝ այս պահին նպատակահարմար չեն գտնում այդ թեմայով զբաղվել․ «Որեւէ քայլ չենք արել, նախ՝ որովհետեւ արգելանքները վերացված չեն, երկրորդն էլ՝ այս պահին նպատակահարմար չենք գտնում այդ թեմաներով առանձնապես զբաղվել։ Ասեմ, որ Վանաձորի ավագանու համայնքապետ ընտրելու ավագանու նիստի վրա դրված է արգելանք, որը դեռեւս չի վերացել, եւ վարչական դատարանը դրա վերաբերյալ նիստ է նշանակել 2025 թվականի հունիսի 25-ին․․․ Ես ուրիշ տեղից օգնական զորք չեմ կանչելու, որ մտնեմ Վանաձորի քաղաքապետարան»։ 

Ասլանյանի խոսքով՝ Վանաձորում սահմանադրական կարգի տապալում է տեսնում․ «Այսօրվա մեր երկրի իրավիճակը եւ գործող ոչ օրինաչափ իրավանորմերն ու դատարանները կայացրել են նման վճիռ․․․․ Ես տեսնում եմ օրենքի կիրառման նկատմամբ անհավասար, խտրական վերաբերմունք, իսկ Վանաձորի նկատմամբ տեսնում եմ սահմանադրական կարգի տապալում, Վանաձորում Սահմանադրությունը եւ Հայաստանի Հանրապետության օրենքները, կոնկրետ՝ ՏԻՄ ոլորտում, չեն գործում»։ 

2021 թվականի դեկտեմբերից, ըստ էության, Վանաձորը համայնքապետ չունի։ ՏԻՄ ընտրություններում առավել շատ ձայներ ստացել էր «Մամիկոն Ասլանյան» դաշինքը, որի օգտին քվեարկել էր 38.71 տոկոսը։ Երկրորդ տեղում ՔՊ-ն էր՝ 25,06 տոկոսով։ Ընդդիմադիր ուժերը հնարավորություն ունեին Վանաձորում ձեւավորել իշխանություն, սակայն Ասլանյանին անմիջապես կալանավորեցին, մյուս ուժերի մեջ պառակտում մտցրին, օրենք փոխեցին, եւ, փաստացի, քաղաքն այսօր ղեկավարում է փոքրամասնության ներկայացուցիչը` Ական` Արկադի Փելեշյանը: Այդ ընթացքում ԼՀԿ-ի միջոցով դատական գործընթաց սկսեցին եւ արգելանք դրեցին քաղաքապետ ընտրելու վրա` դատարանն արգելեց ավագանու նիստեր հրավիրել, քանի դեռ վերջնական վճիռ չի եղել, իսկ վերջնական վճիռ կայացվեց 3 տարի անց: ՔՊ-ն Վանաձորում զավթեց իշխանությունը՝ կրիմինալ հեղինակությամբ անձին նշանակելով համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ 

Այժմ ավագանու նիստի արգելանքը վերացվել է, Մամիկոն Ասլանյանն ազատության մեջ է, սակայն նիստ դարձյալ տեղի չի ունենում, հիմա էլ Մովսես Շահվերդյանի եւ Փելեշյանի ՀԱՍԿ կուսակցությունն է դիմել դատարան, թե իրենք՝ որպես երրորդ կողմ, պատշաճ ծանուցված չեն եղել եւ ԼՀԿ-ի հայցի քննությանը չեն մասնակցել: Խնդրում են նորից սկսել քննությունը, եւ դատարանը բավարարել է այդ պահանջը:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել