NEWS.am-ի տեղեկություններով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում:
Խոսքը Հայաստանից սահմանված ընթացակարգերի խախտմամբ մանր եղջերավոր անասուններ արտահանելու հարցում թույլ տրված ենթադրյալ հովանավորչության դեպքի մասին է, որն առնչվում է պատգամավորի անվան հետ: Մեզ հայտնի դարձավ, որ դեպքի առնչությամբ քրեական վարույթ կա հարուցված: Առաջիկայում պարզ կդառնա, թե ի՞նչ գնահատական կտան Աղազարյանի ենթադրյալ արարքին իրավապահները և մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազությունը:
Ի դեպ՝ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Հայաստանից մանր եղջերավոր անասունների արտահանման բիզնեսի հովանավորչությամբ ներկայումս զբաղվում են ՔՊ-ական այլ պատգամավորներ ևս:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ մի կին դիմել է իրավապահներին և հայտնել, որ Աղազարյանին խոշոր չափերի գումար է տվել՝ քաղաքապետարանի կողմից շինթույլտվություն տրամադրելու հարցում օժանդակելու համար, սակայն պատգամավորը զրպարտություն էր որակել քաղաքացու կողմից հայտնած տվյալները: