ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 3-ի նիստում հաստատեց պետական բյուջեում վերաբաշխման միջոցով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներից տուժած տնտեսվարողներին աջակցության տրամադրմանն ուղղված որոշման նախագիծը։
«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, լրացումներ և կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի համապատասխան որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-ից 26-ը տեղացած հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղից տուժած տնտեսավարողների շրջանակը և պատճառված վնասները գույքագրվել են «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի» կողմից, հեղեղումների հետևանքով վնասներ կրած տնտեսավարողների ցանկերը ներկայացվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, տնտեսավարողների տնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը՝ Պետական եկամուտների կոմիտեի կողմից, իսկ վնասի չափի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացրել Քաղաքաշինության կոմիտեն, ըստ որի առանձնացվել են 3 մակարդակների վնաս կրած տնտեսավարողները։
Որոշմամբ նախատեսվող վերաբաշխման միջոցով՝ նախատեսվում է ընդհանուր 300 մլն դրամի չափով միանվագ դրամական աջակցություն տրամադրել աղետի գոտու տուժած տնտեսվարողներին՝ դժվարությունները հաղթահարելու և տնտեսական գործունեությունը պահպանելու համար։ Պապոյանի խոսքով՝ շահառուների պլանավորվող թիվը կազմում է շուրջ 150։