168.am-ը գրում է․
Լիբանանյան «Հեզբոլլահ»-ի խորհուրդը խմբավորման նոր գլխավոր քարտուղար է նշանակել Հաշեմ Սաֆիեդդինին։ Այս մասին հաղորդում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Հաշեն Սաֆիեդդինը զբաղեցնում էր «Հեզբոլլահ»-ի գործադիր խորհրդի ղեկավարի պաշտոնը և խմբավորման հրամանատարական շղթայում երկրորդն էր։ Նա գլխավոր քարտուղարի պաշտոնում կփոխարինի իսրայելական հարվածի հետևանքով Բեյրութում զոհված Հասան Նասրալլահին:
Al Arabiya-ն նշում է, որ Սաֆիեդդինը Նասրալլահի զարմիկն է, ինչպես նաև Իրաքում ամերիկյան ավիահարվածից սպանված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի փեսան։
Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ «Հեզբոլլահ»-ի ղեկավար Հասան Նասրալլահին թիրախավորող հարվածի ընթացքում սպանվել է խմբավորման ավելի քան 20 բարձրաստիճան հրամանատար։