Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:
Գոհունակությամբ արձանագրելով երկու հարևան երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը՝ Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության ներուժը լավագույնս իրացնելու հնարավորությունները:
Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատման համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին քննարկումները։
Նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի ամուր քաղաքական կամքը տարածաշրջանում հասնելու հարատև խաղաղության և այս համատեքստում կարևորել տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ հարգման առնչությամբ Իրանի կողմից ամենաբարձր մակարդակում արտահայտված դիրքորոշումը։
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերին, ինչի համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի հիմքում դրված սկզբունքներին համապատասխան հաղորդակցությունների բացման հարցում ՀՀ հաստատակամ մոտեցումը։