ArmLur.am-ը գրում է․

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում սեպտեմբերի 25-ին տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Էրդողանը հանդիպման ընթացքում Փաշինյանին նվիրել է իր գրած «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը, ավելի վաղ նաև համացանցում լուսանկարներ տարածվեցին, որտեղ Նիկոլ Փաշինյանը Էրդողանի գիրքը կրծքին սեղմած լայն ժպտում է։

Այս առիթով ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանին։

-Պարո՛ն Մելքոնյան, համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց Նիկոլ Փաշինյանի՝ Էրդողանի գիրքը կրծքին սեղմած լուսանկերը, հանրության մեծ մասը խիստ բացասական վերաբերվեց դրան։

Ինչպե՞ս եք դուք վերաբերվում դրան։

-Քաղաքականություն է, երկրի ղեկավարը ոնց ճիշտ է գտնում տվյալ պահին, այդպես էլ պետք է անի։

-Ճի՞շտ էր բայց մեր թշնամի երկրի ղեկավարի կողմից նվեր ընդունելը:

-Էդ դեռ պարզ չի՝ ով է մեր թշնամին:

-Այսինքն, Թուրքիային թշնամի չե՞ք համարում։

-Ասում եմ՝ պարզ չէ, ով է մեր բարեկամը ով է թշնամին, այս ամենը վերջանա, կերևա՝ ով է թշնամի, ով է բարեկամ։

-Եթե Դուք լինեիք Փաշինյանի փոխարեն, կընդունեի՞ք Էրդողանի նվերը։

-Այնպիսի հարցեր եք տալիս, դուք կլինեք երկրի վարչապետ, որովհետև ես ինձ չեմ տեսնում երկրի վարչապետ, որ մի հատ էլ նման բան մտածեմ։

-Դե, որպես պատգամավոր՝ պատկերացնենք այլ երկրում հանդիպման եք, Թուրքիայի նախագահը ևս այնտեղ է և Ձեզ գիրք է նվիրում։ Կընդունե՞իք այն։

-Եթե ես պատգամավոր եմ, գնում եմ մի երկիր, նախ ես եմ նվեր տանում, հետո եթե ինձ նվեր տան, ես այդ նվերը կվերցնեմ։

Եթե տալիս եմ նվեր, փոխարենը ես էլ եմ ստանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել