Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում որպես «պարետ» մնացած Սարգիս Գալստյանը հրաժարվել է ինքնախոստովանական ցուցմունքից, որոնք, Սարգիս Գալստյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի, փոխանցմամբ, տրվել են հարկադրանքների ներքո։

Հիշեցնենք, որ Սարգիս Գալստյանն Արցախի հայաթափումից հետո կնոջ հետ մնացել էր Ստեփանակերտում՝ իբրև որպես «պարետ», թեև Արցախում ընդամենը մի քանի տասնյակ հայ էր մնացել, որոնք ևս ԿԽՄԿ-ի միջոցով տեղափոխվում էին Երևան։ Գալստյանի կինն ինստագրամյան իր էջում պարբերաբար տեսանյութեր էր հրապարակվում՝ Արցախի դատարկ փողոցներից։ Մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել Սարգիս Գալստյանը և նրա կինը՝ սեփական ցանկությամբ։

ՀՀ սահմանը հատելուց հետո վերջիններս ձերբակալվել են, սակայն ավելի ուշ Գալստյանի կինն ազատ է արձակվել, իսկ Սարգիս Գալստյանին, մարտի 30-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, ներկայացվել է մեղադրանք լրտեսության համար։ Սարգիս Գալստյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Սարգիս Գալստյանից բացի այս գործով այլ մեղադրյալներ չկան։ Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, գործը գտնվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գարիկ Աբելյանի վարույթում։

Ալեքսանդր Կոչուբաևը, սակայն, նշում է՝ գործի ընդդատությունն է սխալ, բայց դա դատարանի սխալը չէ։ Խնդիրն այն է, որ ենթադրյալ դեպքը տեղի է ունեցել Արցախի Հանրապետության տարածքում, ուղղված է եղել Արցախի Հանրապետության ինքնիշխանության, տնտեսական և ազգային անվտանգության դեմ, սակայն, ըստ փաստաբանի, ենթադրյալ հանցանքների կատարման պահին ՀՀ ԶՈՒ-երը վերահսկողություն չեն ունեցել Արցախի Հանրապետության տարածքի նկատմամբ, իսկ չճանաչված պետությունների վերաբերյալ ԵԴ չափանիշը հստակ է՝ եթե չճանաչված պետության տարածքում հանցանք է լինում, ապա տարածվում է այն պետության իրավազորությունը, որն ունի արդյունավետ վերահսկողություն, այսինքն՝ քաղաքական, զինվորական և տնտեսական հսկողություն՝ չճանաչված պետության նկատմամբ։ Այլ խոսքով՝ պաշտպանը գտնում է, որ ՀՀ դատարանները չեն կարող քննել այս գործը; Բացի այդ, փաստաբանը, անդրադառնալով բուն մեղադրանքին, նշում է, որ ըստ մեղադրանքի՝ Սարգիս Գալստյանը կապ է հաստատել Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Թուրան Գանջարիի ու նրա օգնական Սամիռի հետ, ինչը չի բավարարում հատուկ ծառայության աշխատակցի չափանիշներին, այսինքն՝ նրանք հատուկ ծառայության աշխատակից չեն հանդիսանում։ Ըստ փաստաբանի՝ որևէ ապացույց չկա նաև, թե ինչ տվյալ է ենթադրաբար փոխանցել Սարգիս Գալստյանը՝ Ադրբեջանին, առհասարակ որևէ փաստաթուղթ, առավել ևս՝ պետական գաղնտիք պարունակող որևէ տվյալ՝ չի փոխանցվել։

«Քննիչը Հանրային ՀԸ եթերում ասում է, թե Սարգիս Գալստյանը կատարել է լրտեսություն կամ պետական դավաճանություն, նույնն է, որ ասես՝ անձը կատարել է սպանություն կամ կողոպուտ, սրանք փոխբացառող մեղադրանքներ են և վկայում է այն մասին, որ անգամ քննիչը չգիտի, թե ինչում պետք է մեղադրել Գալստյանին։ Այս պահին մեղադրվում է լրտեսության մեջ։ Պետական դավաճանության և լրտեսության մեջ օրգանական կապ կա, գործողությունը նույնն է, բայց կա նուրբ սահմանագիծ՝ քաղաքացիությունը՝ լրտեսությունը կարող է կատարել օտարերկրյա քաղաքացին կամ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձը, իսկ պետական դավաճանությունը՝ ՀՀ քաղաքացիություն ունեցող անձը։ Սարգիս Գալստյանը, ինչպես մեզնից յուրաքանչյուրը, ունի կապույտ ՀՀ քաղաքացու անձնագիր, բայց քանի որ Արցախը հանձնել են, քաղաքական որոշում է կայացվել, թե իբր այդ անձնագրերն անիմաստ են, կոդը այլ է, ինչն անտրամաբանական է։ Սխալ կոդով է՝ թող չտային; Քանի դեռ ՀՀ քաղաքացու անձնագիրը գտնվում է Գալստյանի մոտ, պետք է ընդունենք ի գիտություն, որ նա ՀՀ քաղաքացի է»,- «Փաստինֆո»-ին ասաց Կոչուբաևը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել