Դառը պայմաններում ենք գտնվում, երբ մեր Արցախ աշխարհը գոյություն չունի, այս պահին զրկված ենք, բազմահազար տեղահանվածներով, ՀՀ սահմանները խոցված, շարունակական սպառնալիքների ներքո։ Մեր գողացված երազների օրն է, «Եռաբլուրին» պարտք ունենք, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
Նա նշեց, որ այդուհանդերձ, այսօր մեր արյունով գնված և արյունով պահված, մեր բազմաթիվ նահատակ հայրենակիցների կյանքով նվաճված անկախության տոնն է:
«Մեր այցելությունը նահատակներին՝ առաջին հերթին «Եռաբլուր», ուխտի նշանակություն ունի: Ինչպես միշտ ասել եմ, առաջին պայմանով այդ հաղթանակը, երազանքը, հայրենիքը իրենց վերադարձնելու ուխտն է»,-ասաց նա:
Բագրատ Սրբազանը նաև զորակցությունը հայտնեց զոհվածների ծնողներին, որոնք պայքարի առաջնագծում են գտնվում:
«Այդ պայքարի մեջ գտնվելիս մեր սիրելի ծնողները հանձն են առել մեզ հետ իրենց ուսերի վրա կրելու հաղթանակի տեսիլքը և նաև մեզ առաջնորդելու այդ հաղթանակը հենց իսկ իրենց օրհնությամբ»,- ասաց նա:
Նշենք, որ զոհված զինծառայողների ծնողները նախօրեից «Եռաբլուրում» են և գիշերել են այնտեղ։ Լրագրողների հետ զրույցում նրանք հայտարարել են, որ հավաքվել են այնտեղ՝ թույլ չտալու Փաշինյանի մուտքը «Եռաբլուր»: