Ինչ է նշանակում «Թրամփի ուղի» և որ ուղու մասին է խոսքը: Այս հարցի պատասխանն ու պարզաբանումն է տվել ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Ինչ է նշանակում Թրամփի ուղի. խոսքը ներդրումային ծրագրի մասին է: Պարզաբանելու համար եկեք ուղիղ մեջբերենք՝ ինչ է գրված օգոստոսի 8-ի գործարքի մեջ: Գրված է՝ «Կողմերը վերահաստատում են կարևորությունը ապաբլոկավորելու տրանսպորտային կոմունիկացիաները ներպետական, երկկողմ և միջազգային տրանսպորտային կապերի համար»: Ի՞նչ է սա նշանակում. որ կողմերը ասում են՝ պետք է մեր սահմանները բացենք, որպեսզի՝
- Հայաստանը կարողանա Ադրբեջանի տարածքով գնալ Հայաստան, Ադրբեջանը՝ Հայաստանի տարածքով գնալ Ադրբեջան,
- Հայաստանը կարողանա բեռներ փոխադրել Ադրբեջան, Ադրբեջանը՝ Հայաստան, սա, իհարկե, ապագայի հարց է
- Հայաստանը կարողանա Ադրբեջանի տարածքով բեռներ փոխադրել և գնալ երրորդ երկիր, Ադրբեջանը կարողանա Հայաստանի տարածքով բեռներ փոխադրել և գնալ երրորդ երկիր: Սա ամենակարևորն է:
Այս ամենը պետք է տեղի ունենա տարածքային ամբողջականության, իրավազորության և ինքնիշխանության սկզբունքների հիման վրա: Սա նշանակում է՝ կողմերը ֆիքսում են աներկբայորեն՝ այ էս տարածքը քոնն է, այ էս տարածքն էլ քոնն է:
Ստորագրված փաստաթղթում հստակ գրված է, որ այն տարածքը, որոնցով պետք է անցնեն ճանապարհներ, Ադրբեջանը պետք է անցնի, Հայաստանի տարածքն է: Իրավազորությունն էլ պետության իրավունքն է սահմանել կանոնները, օրենսդրությունը և կարգը, թե ինչպես պետք է գործի ճանապարհը և մնացածը իր տարածքում»,- մանրամասնել է Ռուբինյանը:
Նա հավելել է, որ փոխադարձ առավելություններ է ստանում Հայաստանը ներպետական և միջազգային տրանսպորտային կապերի համար, այսինքն՝ երրորդ երկրների հետ: Հայաստանի կապը այլ երկրների հետ բացվում է Ադրբեջանի տարածքով, ևս մեկ անգամ նշել է Ռուբինյանը:



