168.am-ը գրում է․
Այսօր մի շարք լրատվամիջոցներ տեղեկացրել էին, որ Երևան-Սևան ավտոճանապարհի` ՀՀ նախկին ՃՈ անշարժ հենակետի` Աբովյանի «Գայի պոստի» մոտ ոստիկանական գործողություն է իրականացվում, իրավիճակը լարված է:
Նշվում էր, որ ոստիկանները փորձում են բերման ենթարկել «Զովք» սուպերմարկետի աշխատակիցներին, որոնք այդ տեղում անհնազանդության ակցիա են իրականացնում։ Տեղեկությունը «Հրապարակին» փոխանցել էր «Զովքի» փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը։
Վերջինիս խոսքով՝ Վերին Պտղնիում ոստիկանների օգնությամբ փորձում են ճաղավանդակներ տեղադրել ճամփեզրին, առանց այդ հատվածում տեղակայված խանութների աշխատակիցների կարծիքը հաշվի առնելու։
Ըստ փոխտնօրենի՝ կան նաև բերման ենթարկվածներ:
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության լրատվական ծառայությունից 168.am-ի՝ խնդրի վերաբերյալ հարցադրումներին պատասխանեցին, որ Երևան-Սևան ավտոճանապարհի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի կողմից Վերին Պտղնի բնակավայրի հատվածում տեղադրվում է ուղեփակոց. ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից տեղում ապահովվում է հասարակական կարգը։
Մեզ տեղեկացրեցին նաև, որ երկու անձ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար բերվել է ոստիկանության Կոտայքի բաժին։
Ոստիկանությունից հերքեցին, որ ուղեփակոցը տեղադրվում է «Զովքի» դեմ:
«Սա որևէ կերպ որևէ տնտեսվարողի գործունեությունը խոչընդոտելու նպատակ չի հետապնդում, ապահովվում է ավտոճանապարհի բնականոն երթևեկությունը, երթևեկության մասնակիցների անվտանգությունը միջպետական ճանապարհի կողային հատվածում»,- նշեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից: