Tert.am-ը գրում է․

Բացեք մեղադրական եզրակացությունը, հարգելի՛ դատարան, բացե՛ք, որ էջն ուզում եք, կարդացեք մեկ պարբերություն, ես նույն բաները կարող եմ ասել՝ տրամաբանական կանոնների խախտում, ասվածի և եզրահանգման զրոյական կապ, իրարից չբխող բաներ: Այս մասին իր դատավարական նիստին հայտարարեց ՍԴ դատավոր, Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը:

«Այն որ պայմանագրում գրվել է 3 մլն, կարող է հակառակն ապացուցել, որ սա չի եղել իրական պայմանագիր: Պետք է ուսումնասիրվեր՝ այդ տարածքում ի՞նչ գնով են վաճառել: Եթե սա նույնիսկ ենթադրության մակարդակում դրվի ինչ-որ մի բանի հիմքում, պետք է ստուգվեր՝ այդ շենքի բնակարանների վաճառքում մեկ դեպք կա՞ր, որ նոտարական վավերացմամբ է եղել, թե՝ չէ: Այսինքն, բերված ապացույցները ոչ թե չեն ապացուցում, որ տարածքն իմն է եղել, այլ հերքում են»,- ասաց Թովմասյանը:

Նրա խոսքով, պետք է ուսումնասիրվի, թե ՀՀ-ում քանի հոգի են լիազորագրով տարածք վաճառել ու դա նշանակում է, թե բոլորի տարածքն իրե՞նցն է: «Սրան երկու դեպք է ավելացել՝ «խորոված ծախող Արտաշի» ու Վալոդի ասածները: Եկել ասում են՝ շուկայում ասում են: Ես սա ո՞նց ապացուցեմ, կամ ո՞նց հերքեմ, զրո կոնկրետություն»,- ասաց Թովմասյանը:

Նա պարզաբանեց, որ եթե ասեին, թե շուկայում ասում է՝ «մսավաճառ Վալոդը», նրան կարող էինք կանչել ու հարցնել՝ ինչի՞ հիման վրա է ասում: «Բայց շուկայում ասում էին, քաղաքում խոսում էին, ավոտբուսում լսեցի, այս հասկացողությունները չեն կարող մեղադրանքի հիմքում լինել: Գալիս ենք նորից հետևյալին՝ քրեական գործը հարուցվել է օպերատիվ տվյալի հիման վրա ու «շուկայում Արտաշի հարևանների լսածի» հիման վրա»,- ասաց նա;

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել