Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում շարունակվում է Արդարադատության նախկին նախարար, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը: Թովմասյանն արդեն 3-րդ օրն է՝ ներկայացնում է իր պաշտպանական ճառը:
Դատական նիստի ընթացքում վիճաբանություն տեղի ունեցավ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի և Հրայր Թովմասյանի միջև այն ժամանակ, երբ Հրայր Թովմասյանը փորձում էր պարզաբանել, որ իր ու պաշտպան Արամ Օրբելյանի ասածները տարբեր են:
«Երբ ես երեկ անդրադարձա Երևանի քաղաքապետարանում մուտքին և ելքին, Դուք ասացիք, որ դա պարոն Օրբելյանն ասել է, չզլացա, նայեցի, թե ինչ է ասել պարոն Օրբելյանը: Պարոն Օրբելյանն ասել էր, որ Երևանի քաղաքապետարանը հատուկ պահպանվող տարածք է, և այնտեղ մուտքն ու ելքը հստակ կանոներ ունեն»,- ասաց նա:
Սակայն դատավորը թույլ չտվեց նրան ավարտել խոսքը և ասաց. «Պարո՛ն Թովմասյան, շարունակեք ներկայացնել Ձեր՝ ամբաստանյալի ճառը»:
Ինչին ի պատասխան՝ Թովմասյանն ասաց. «Հարգելի՛ դատարան, պետք չէ ձայն բարձրացնել»:
Դատավորը նորից կրկնեց՝ ներկայացնել ճառը, հայտարարությամբ հանդես չգալ:
«Հայտարարությամբ հանդես չեմ գալիս, ես իմ ճառն եմ ասում: Երեկ իմ ճառի ժամանակ, երբ ես անդրադարձա Երևանի քաղաքապետարանում...»,- փորձեց արձագանքել Թովմասյանը, սակայն դատավորը նորից ընդհատեց.
«Պարո՛ն Թովմասյան, շարունակեք ներկայացնել ճառը»:
«Ես իմ ճառն եմ ասում, հարգելի՛ դատարան»,- հակադարձեց Թովմասյանը:
Դատարանը նրան նկատողություն արեց. «Ձեր տոնը իջեցրե՛ք»:
«Դուք իջեցրեք, հարգելի՛ դատարան, դուք նույնպիսի պարտավորություն ունեք ինձ հետ հարգալից խոսելու»,- ասաց Թովմասյանը:
«Դատարանը Ձեր նկատմամբ կիրառում է դատավարական սանկցիա՝ նկատողության ձևով, միաժամանակ ասում՝ եթե շարունակեք այսուհետ դատարանին զուգահեռ խոսել, Ձեր տոնը բարձրացնել դատարանի խոսակցության ընթացքում, ձեր նկատմամբ կկիրառվեն առավել խիստ սանկցիաներ՝ այդ թվում՝ հեռացում դատարանի նիստերի դահլիճից:
Հիմա դատարանը թույլ չի տալիս Ձեզ հայտարարությամբ հանդես գալ, ներկայացրեք Ձեր ճառը»:
Թովմասյանը շարունակում է ներկայացնել պաշտպանական ճառը: