44-օրյա պատերազմից հետո մենք ունենք անհետացած զենքի մեծ քանակ, և մենք մի քանի անգամ թեման քննարկել ենք, նաև Անվտանգության խորհրդում է այդ հարցը քննարկվել: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 12-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ մասով ՆԳ նախարարին հանձնարարականներ է տվել:
«Մենք զենքի, ապօրինի զենք-զինամթերքի փնտրտուքի հետ կապված մեր մեթոդաբանությունը պետք է վերանայենք, որովհետև այն մեթոդաբանությունը, որով մենք աշխատել ենք, այլևս չի համապատասխանում նոր մարտահրավերներին: Ինչքան հասկանում եմ՝ այդ նոր մեթոդների կիրառությամբ մենք արդեն որոշակի ոչ մեծ ոչ թե հաջողություն, այլ արդյունքներ ունենք, և այդ մեթոդով կարողանում ենք ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերել:
Երկրում շատացել է նաև օրինական զենքի քանակը, և մենք նախկինում էլ քննարկել ենք, և այստեղ իրականում ընտրության հարց կա՝ օրինական զենքը ինչքանով պետք է հանդուրժելի լինի մեզ համար: Հիմա զենք բերելու հնարավորություններն են շատացել, օրինական զենք ձեռք բերելու:
Ճիշտ կլինի, որ մենք տեսնենք, թե զենքի կիրառմամբ այդ առանձնապես ծանր և ծանր հանցագործությունների քանի տոկոսն է օրինական զենքով իրականացվել և քանի տոկոսը՝ անօրինական զենքով, որը մեզ հետևություն անելու հնարավորություն կտա:
Հիմա հայեցակարգային ընտրությունը հետևյալն է, թե զենքով ապօրինի հարձակման ենթարկվող մարդկանց մեր հայեցակարգային պատկերացումներով մենք արդյո՞ք ուզում ենք վերապահել օրինական զենքով պաշտպանվելու հնարավորություն, թե չենք ուզում վերապահել», - հայտարարեց նա: