Ես չեմ դադարում անընդհատ զարմանալ, թե ինչպես է իրողությունը հոդվածից հոդված, կարծիքից կարծիք մի բառ փոխվում, հետո դրան ուրիշ բառ ավելացվում ու լայնորեն սկսում է շրջանառվել մի բան, որն իրականում գոյություն չունի: Այս մասին Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Դա որոշ չակերտավոր անկախ փորձագետների կամ քաղաքական գործիչների կողմից մատուցվում է որպես իրականություն: Որևէ բան, որը ենթադրում է միջանցքի ստեղծում ու դրա վերահսկողության հանձնում որևէ այլ կողմի, չի քննարկվում: Մենք ասել ենք, որ ՀՀ-ի համար երրորդ ուժերի ներկայությունը կամ վերահսկողությունը բացառվում է, մեզ համար անընդունելի է: Մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել, խոսքը բոլորովին այլ բանի մասին է: Որպեսզի մարդկանց մոտ անվտանգության զգացողությունը մի աստիճանով էլ ավելանա, մենք երկու երկրներում էլ կարող ենք ներգրավել արտոնագրված մասնավոր պահնորդական ընկերություն, որը գնացքի մեջ կամ գնացքի վրա կարող է ուղեկցել բեռները կամ մարդկանց»,- ասաց Միրզոյանը: