Մինչ Հայաստանում դեռ փորձում են կռահել, թե ինչի մասին էր Պուտին- Իլհամ վերջին հանդիպումը, Իրանի ԱԳՆ-ն, անհանգստացած «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումից, կանչել է Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովին՝ հասկացնելով, որ Թեհրանը դեմ է աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության, որը կարող է խախտել տարածաշրջանում հաստատված սահմանները. կովկասյան տարածաշրջանում համագործակցության հիմքը և կայուն խաղաղության երաշխիքը տարածաշրջանի երկրների ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձ շահերի հարգանքն է։
Հիշեցնենք, որ օրերս ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան հայտարարել էր, թե պետք է խոսեն Իրանի հետ Ադրբեջան-Նախիջևան երթուղու թեմայով՝ հասկացնելով, որ Մոսկվան միանշանակորեն առաջկցում է ադրբեջանական այդ գաղափարին՝ պայմանով, որ ինքը կվերահսկի այդ երթուղին:
Հիմա, փաստորեն, ստացվում է, որ ոչ թե Մոսկվան է խոսում Թեհրանի հետ, այլ՝ հակառակը, և Թեհրանը հասկացնում է, որ իր շահերի հաշվին Մոսկվային չի հաջողվի լավամարդ դուրս գալ թուրքերի առաջ: Թվում էր՝ ուկրաինական պատերազմում Մոսկվային աջակցող ու ՌԴ-ին, ըստ տեղեկությունների, նույնիսկ բալիստիկ հրթիռներ մատակարարել պատրաստվող Թեհրանը անհանգստության առիթ պետք է որ չունենար, և Կովկասում Մոսկվայի հետ ամբողջովին համաձայնեցված խաղ պետք է տարվեր՝ ելնելով փոխադարձ շահերից: Այնինչ ժամանակ առ ժամանակ Մոսվան ստիպում է Թեհրանին լրջորեն անհանգստանալ, ինչը, բնականաբար, չի կարող մտահոգություն չառաջացնել՝ նկատի ունենալով հատկապես այն, թե ով է ներկայումս ՀՀ-ն ղեկավարում:
Մոսկվան կարծես թե չի խոսում արտատարածքային միջանցքի մասին, այլ՝ երթուղու, ՀՀ-ում Իրանի դեպանն էլ վերջերս էր հայտարարել, որ Իրանը կողմ է ճանապարհների ապաշրջափակմանը Հայաստանի սուվերենության ներքո: Սրանից բխում է, որ կա՛մ Մոսվան իրականությունը լիովին չի բացահայտում, և Իլհամի հետ բանակցելիս իրականում խոսք է գնում հենց արտատարածքային միջանցքի մասին, կա՛մ Իրանը դեմ է նաև Մոսկվայի կողմից երթուղու վերահսկմանը և, առհասարակ, չի ցանկանում, որ Մեղրիով որևիցե տեսակի ճանապարհ անցնի:
Բացառված չէ, սակայն, որ Բաքվում Իլհամը Պուտինից ավելին պահանջած լինի, քան զուտ միջանցքն է. ներկայումս Մոկսվայի համար Ադրբեջանն ունի կենսական նշանակություն, քանի որ այն միակ օպտիմալ օղակն է, որը կարող է կապել ՌԴ-ն գլոբալ Հարավի հետ՝ օգնելով Մոսկվային դուրս գալ Հնդկական օվկիանոս: Ահա սա է, որ ստիպում է ռուսներին Կովկասում ադրբեջանական շահերի սպասարկուն դառնալ՝ նույնիսկ հակառակ սեփական խորքային շահերի: