Mediahub.am-ը գրում է․
Կիրանց գյուղը կրկին Կառավարության ուշադրության կենտրոնում է․ մեկ բնակիչների բողոքներից հետո որոշվեց գյուղում նոր դպրոց կառուցել, մեկ տեղեկություններ տարածվեցին, որ Փաշինյանը որոշել է սեպտեմբերի 1-ին այցելել Կիրանց, նախօրեին էլ ՀՀ դեսպաններն են Արարատ Միրզոյանի գլխավորությամբ եղել Կիրանցում, բայց բնակիչները նրանց լավ չեն ընդունել։
Կիրանցում նոր դպրոց կկառուցվի. Կառավարության որոշմամբ՝ գյուղի 0,6 հեկտար մակերեսով հողամասն ամրացվել է պետգույքի կառավարման կոմիտեին՝ Կիրանցի վարչական տարածքում դպրոց կառուցելու նպատակով։ Գյուղի գործող դպրոցը մոտ է հայ-ադրբեջանական սահմանին։
Կիրանցի բնակիչները, արդեն մի քանի ամիս է, բողոքում են, որ իրենց երեխաներն այցելելու են մի դպրոց, որը սահմանազատումից հետո փաստացի հայտնվել է Ադրբեջանի հետ սահմանին՝ ընդամենը 40 մետր հեռավորության վրա։
Մի քանի օր առաջ MediaHub-ը խոսել էր դպրոցի տնօրենի հետ, ով հաստատել էր՝ 2024-25 ուստարին Կիրանցում կմեկնարկի Ադրբեջանի հետ նոր սահմանից 40մ հեռավորության վրա կառուցված դպրոցում։
Կառավարության որոշումից հետո MediaHub-ն այսօր կապ հաստատեց Կիրանցի բնակչի հետ, որը նշեց՝ մինչև նոր դպրոցը կառուցեն մոտ 3 տարի կանցնի, իսկ մինչ այդ երեխաները պետք է գնան Ադրբեջանից 40մ հեռավորության վրա գտնվող դպրոց։ Նա նշեց, որ կիրանցեցիները դժգոհ են և շատ մտահոգված երեխաների անվտանգությամբ։
«Եթե սեպտեմբերի 1-ին Փաշինյանն այցելի Կիրանց, իհարկե կգա դպրոց: Էդ մարդն աներես ա, կգան իր ընտրյալ մի քանի հոգի, գյուղապետի հետ միասին կկանգնեն, քաղաքացիական համազգեստով ոստիկաններ կգան, և «Հայանտառի» աշխատակիցներով կհանդիպեն, կհավաքվեն ու դե ժողովրդից էլ որոշ մաս կհավաքվի, կհանդիպեն»,– նշեց նա։
Ինչ վերաբերում է ՀՀ դեսպաններին վատ ընդունելության արժանացնելուն, մեր զրուցակիցը նշեց, որ նախապես ոչ ոք տեղյակ չի եղել, որ նրանք այցելելու են գյուղ, ու թերևս իրենց չեն զգուշացրել, որ տհաճ միջադեպներ տեղի չունենան, բայց բնակիչներից մեկը, տեսնելով դեսպաններին գյուղում, քայլելուց գոռացել է՝ «Փաշօղլուի ստրուկներ»։
Հիշեցնենք, այսօր «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դեսպանները Դիլիջանում երկօրյա աշխատաժողովից հետո այցելել են Կիրանց, որպեսզի տեսնեն «փառահեղ սահմանազատումը»: Սակայն այցը հարթ չի ընթացել։
Չնայած Կիրանցի հյուրերը գյուղ են ժամանել ՆԳՆ մեծաթիվ աշխատակիցների ուղեկցությամբ, որոնք փորձել են նախապես «մաքրել» նրանց ճանապարհը, սակայն կիրանցեցիներից ոմանք, տեղեկանալով այս ներկայացուցչական այցի մասին, հյուրերին ընդառաջ են գնացել: Դպրոցի ճանապարհին գյուղի բնակիչներից մեկը, որին թույլ չեն տվել մոտենալ դեսպաններին, բղավել է՝ «Փաշօղլուի ստրուկներ», իշխանությունների հասցեին այլ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել։ Մեկ ուրիշն էլ գյուղամիջում է բողոքել։