News.am-ը գրում է.
Այո, իշխանությունները պատրաստվում են ընտրությունների, իշխանության ղեկավարությունը գտել է, որ վերջին ժամանակներս լուրջ բացթողում ունենք քաղաքացիների հետշփվելու, խնդիրները բարձրացնելու առումով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում ՔՊ-ի ժողովներին: Նա ընդգծեց, որ կադրային փոփոխություններ միշտ են տեղի ունենում, բայց այնպես չէ, որ եկել է կադրային փոփոխությունների ժամանակը:
Հարցին՝ կարո՞ղ է իշխանությունը իր քայլերով բարձրացնել իր վարկանիշը եւ վերընտրվել, Աղազարյանն ասաց. «Անկասկած մեր վարկանիշը առաջվա համեմատ ցածր է, բայց էլի բարձր է բոլորից մի քանի անգամ: Հետեւաբար, երբ լինի ընտրություն, այդ վարկանիշը վերածվելու է ձայների հարաբերակցության: Իսկ դա ցույց է տալիս, որ մենք լուրջ ձայներ ենք հավաքելու տոկոսային իմաստով: Կարող է քաղաքացիների մի հսկայական զանգված անտարբեր մնա, որը շատ վատ է, բայց իշխանություն ձեւավորելու այլ ճանապարհ չկա, հետեւաբար, մենք այդ անտարբեր քաղաքացիների հետ ուզում ենք խոսել, որ հասկանանք, թե որտեղ ենք մենք թերանում»:
Ինչ վերաբերում է պնդմանը, որ իշխանությունը կիրառելու է վարչական ռեսուրսը ընտրությունների ժամանակ, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Չինովնիկական խավի ճնշող մեծամասնությունը մեզ դեմ է և մեր դեմ էլ աշխատում է, դրանք էն հներն են, որոնք քնելուց առաջ աղոթում են, ասում են՝ Տեր Աստված մի բան արա Նիկոլը առավոտը քնից չհելնի, որ վերադառնա իրենց հին ու բարի ժամանակները:
Հետեւաբար, եթե մեր կողմից այդ ամենն անկեղծ չլինի, դա ջրի երես դուրս կգա եւ հակառակ էֆեկտը կունենա»: