Lurer.com-ը գրում է.
Գերմանիայում վերջին 12 ամսվա ընթացքում ընկերությունների ավելի քան 80 %-ը տուժել է տվյալների գողությունից. կիբեռհարձակումներից վնասը 2024 թվականին հասել է ռեկորդային 267 միլիարդ եվրոյի: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին են վկայում Bitkom տեղեկատվական տեխնոլոգիաների դաշնային միավորման կողմից անցկացված հետազոտության արդյունքները։
Հստակեցվում է, որ 2023 թվականին գերմանական ընկերությունների 72 %-ը դարձել է կիբեռհարձակումների զոհ, իսկ կիբեռհանցագործների գործողություններից կորուստները կազմել են 205,9 մլրդ եվրո։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2021 թվականին, երբ չարագործներին հաջողվել էր 223,5 միլիարդ եվրոյի վնաս պատճառել։
Կիբեռհարձակումներից տուժած ընկերությունների շուրջ 70 %-ը հայտարարել է, որ դրանցում մեղավորը կազմակերպված հանցավորությունն էր (մեկ տարի առաջ նման կարծիքի էր ընկերությունների 61 %-ը): Կիբեռհանցագործությունների զոհերի ևս 20 %-ն այն կարծիքին է, որ իրենց վրա հարձակումների հետևում կանգնած են եղել «արտասահմանյան հատուկ ծառայությունները» (մեկ տարի առաջ այդպես էր կարծում 7 %-ը):
Bitkom-ի նախագահ Ռալֆ Վինթերգերսթի կարծիքով՝ արդի աշխարհում առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերել ՏՏ անվտանգության թեման, որի ապահովումը «պետք է ամենուրեք դառնա ընկերությունների ղեկավարության խնդիրը»։
Իր հետազոտության շրջանակներում Bitkom-ը հեռախոսային հարցում է անցկացրել Գերմանիայի տնտեսության տարբեր ճյուղերի ավելի քան 1003 ընկերությունների շրջանում, որոնք ունեն 10 և ավելի աշխատակիցներ և 1 միլիոն եվրո և ավելի տարեկան շրջանառություն: Ուսումնասիրությունն անցկացվել է 2024 թ. ապրիլի 15-ից մինչև հունիսի 10:
Մայիսին Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերը զեկույց էր ներկայացրել՝ նշելով, որ երկրի ավելի քան 800 ընկերություն և տարբեր հաստատություններ հայտնել են 2023 թվականին կիբեռհանցագործությունների պատճառով վնասի մասին։ Նրա տվյալներով` նման վիճակագրությունը «այսբերգի գագաթն» է, քանի որ դիմումը ոստիկանություն տրվում է տասից միայն մեկի դեպքում։