Գերմանիայում վերջին 12 ամսվա ընթացքում ընկերությունների ավելի քան 80 %-ը տուժել է տվյալների գողությունից. կիբեռհարձակումներից վնասը 2024 թվականին հասել է ռեկորդային 267 միլիարդ եվրոյի: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին են վկայում Bitkom տեղեկատվական տեխնոլոգիաների դաշնային միավորման կողմից անցկացված հետազոտության արդյունքները։Հստակեցվում է, որ 2023 թվականին գերմանական ընկերությունների 72 %-ը դարձել է կիբեռհարձակումների զոհ, իսկ կիբեռհանցագործների գործողություններից կորուստները կազմել են 205,9 մլրդ եվրո։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2021 թվականին, երբ չարագործներին հաջողվել էր 223,5 միլիարդ եվրոյի վնաս պատճառել։Կիբեռհարձակումներից տուժած ընկերությունների շուրջ 70 %-ը հայտարարել է, որ դրանցում մեղավորը կազմակերպված հանցավորությունն էր (մեկ տարի առաջ նման կարծիքի էր ընկերությունների 61 %-ը):
Կիբեռհանցագործությունների զոհերի ևս 20 %-ն այն կարծիքին է, որ իրենց վրա հարձակումների հետևում կանգնած են եղել «արտասահմանյան հատուկ ծառայությունները» (մեկ տարի առաջ այդպես էր կարծում 7 %-ը):Bitkom-ի նախագահ Ռալֆ Վինթերգերսթի կարծիքով՝ արդի աշխարհում առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերել ՏՏ անվտանգության թեման, որի ապահովումը «պետք է ամենուրեք դառնա ընկերությունների ղեկավարության խնդիրը»։Իր հետազոտության շրջանակներում Bitkom-ը հեռախոսային հարցում է անցկացրել Գերմանիայի տնտեսության տարբեր ճյուղերի ավելի քան 1003 ընկերությունների շրջանում, որոնք ունեն 10 և ավելի աշխատակիցներ և 1 միլիոն եվրո և ավելի տարեկան շրջանառություն: Ուսումնասիրությունն անցկացվել է 2024 թ. ապրիլի 15-ից մինչև հունիսի 10:Մայիսին Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերը զեկույց էր ներկայացրել՝ նշելով, որ երկրի ավելի քան 800 ընկերություն և տարբեր հաստատություններ հայտնել են 2023 թվականին կիբեռհանցագործությունների պատճառով վնասի մասին։ Նրա տվյալներով` նման վիճակագրությունը «այսբերգի գագաթն» է, քանի որ դիմումը ոստիկանություն տրվում է տասից միայն մեկի դեպքում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել