Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի մասնակցի Բաքվում շուտով անցկացվելիք COP29 կլիմայական գագաթնաժողովին, քանի որ տանը պայքարում է քաղաքական ճգնաժամի հետ, ինչը խորացնում է այս տարվա բանակցություններում եվրոպական առաջնորդության վակուումը, գրում է Bloomberg-ը։
Շոլցը հաջորդ շաբաթ պետք է մասնակցեր Ադրբեջանում ՄԱԿ-ի կլիմայի հարցերով առաջնորդների գագաթնաժողովի բանակցությունների մեկնարկին:
Բայց նա չեղարկել է այդ ծրագիրը՝ օգնելու համար հաղթահարել արտահերթ ընտրությունների իր կոչի հետևանքները, գրում է գործակալությունը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ աղբյուրին:
Գերմանական Bild պարբերականն ավելի վաղ, հղում անելով Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի աշխատակազմի ղեկավար Վոլֆգանգ Շմիդտին, հայտնել էր, որ Գերմանիայի Բունդեսթագի (խորհրդարանի) արտահերթ ընտրությունները կարող են տեղի ունենալ 2025 թվականի մարտի 9-ին։
Ավելի վաղ Շոլցը հայտարարել էր, որ 2025 թվականի սկզբին ինքը Բունդեսթագում բարձրացնելու է կառավարությանը վստահության քվեի հարցը, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են տեղի ունենալ մինչև 2025 թվականի մարտի վերջ։
Հեղինակավոր Der Spiegel հանդեսը չորեքշաբթի վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Շոլցը պաշտոնանկ է արել ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներին։ Նոյեմբերի 6-ի երեկոյան տեղի է ունեցել կոալիցիոն հանձնաժողովի նիստ, որտեղ գործընկերները փորձել են լուծում գտնել երկրի տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու շուրջ վեճին։ Պառակտման պատճառը բյուջետային, ֆինանսական և տնտեսական քաղաքականության տարաձայնություններն են: Ավելի ուշ ինքը՝ կանցլերը, հանդես գալով հատուկ հայտարարությամբ, նշել է, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին առաջարկել է աշխատանքից հեռացնել Լինդներին։
Այս առնչությամբ Բունդեսթագի Ազատ դեմոկրատական կուսակցության (FDP)խմբակցության ղեկավար Քրիստիան Դյուերը հայտարարել է, որ Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցության նախարարներն ամբողջությամբ դուրս են գալիս իշխող կոալիցիայից։ Գերմանիայի կառավարությունում FDP-ի ներկայացուցիչները զբաղեցրել են չորս պորտֆել՝ ֆինանսների, արդարադատության, հետազոտությունների և կրթության, ինչպես նաև տրանսպորտի նախարարների պաշտոնները։
Ինչ վերաբերում է Բաքվի COP 29-ին չմասնակցելուն, ավելի վաղ հայտնբի էր դարձել, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեայենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեն մեկնի Ադրբեջանում անցկացվելիք կլիմայի գագաթնաժողովին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել