Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնի հուղարկավորությունը տեղի է ունեցել Օռլեանի մոտ գտնվող Սուլս կոմունայում գտնվող նրա կալվածքում։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։
Արարողությանը մասնակցել են արտիստի երեք երեխաներն ու մտերիմները։ Իր կենդանության օրոք Դելոնը պահանջել է «մեծ հուղարկավորություն» չկազմակերպել և սահմանափակվել իր մերձավոր շրջապատի ներկայությամբ։ Դերասանի մարմինն ամփոփվել է այն մատուռում, որը նա կառուցել է իր ամրոցի տարածքում։
Նշվում է, որ դերասանի երկրպագուները ծաղիկներ են բերել կալվածքի ցանկապատի մոտ և նրա հիշատակին երգել Paroles…Paroles երգը։
Դելոնի 35 շները նույնպես թաղված են Դելոնի կալվածքում։ Դերասանն ավելի վաղ ցանկություն էր հայտնել, որ իր բելգիական հովվաշանը՝ Լուբոյին, էվթանազիայի ենթարկեն և թաղեն իր հետ: Հասարակական բողոքից հետո բարեկամները որոշել են նման բան չանել։
Ալեն Դելոնը մահացել էր օգոստոսի 18-ին։ Նա 88 տարեկան էր։ Դելոնը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, որոնք, ընդհանուր առմամբ, դիտել է 135 միլիոն հեռուստադիտող։ Նա Ֆրանսիայի ամենաբարձր եկամուտ ունեցող դերասաններից էր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել