Ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90%-ն անվտանգ չեն, իսկ արտադրանքի մոտ կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտ: Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասված է «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիայի և Ռուսաստանի կոնյակ, սպիրտ և ալկոհոլային խմիչք արտադրողների միության համատեղ հետազոտության մեջ։
Ուսումնասիրության համար ձեռք է բերվել հայկական 10 խոշորագույն արտադրողների ավելի քան 20 ապրանքային նշանի 200 նմուշ: Արտադրանքը ձեռք է բերվել Ռուսաստանի տարբեր առևտրային ցանցերից և ուղարկվել է Գարեջրի, ոչ ալկոհոլային և գինու արդյունաբերության համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի անկախ լաբորատորիա:
Թեստավորման արդյունքներով խախտումներ են հայտնաբերվել 177 նմուշներում, ինչը կազմում է ընդհանուրի 89%-ը: Արտադրանքի գրեթե կեսում հայտնաբերվել է ոչ խաղողի սպիրտ, ինչը հակասում է կոնյակի չափանիշներին։ Միայն 23 նմուշ է լիովինհամապատասխանել նորմերին և Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը:
Այդ կապակցությամբ «Անտիկոնտրաֆակտը» դիմել է ՌԴ գլխավոր դատախազություն, Դաշնային մաքսային ծառայություն և Ռոսալկոգոլտաբակկոնտրոլ՝ Հայաստանից ներմուծվող կոնյակի նկատմամբ վերահսկողության միջոցներ ձեռնարկելու խնդրանքով՝ հաշվի առնելով, որ այն ներմուծվում է Վրաստանի տարածքով։ Նամակներում նշվում է նաև, որ Հայաստանից ներմուծվող կեղծված արտադրանքը ստեղծում է անբարեխիղճ մրցակցություն և գների դեմպինգ, ինչը դժվար կացության մեջ է դնում ռուսաստանցի արտադրողներին և շուկայից դուրս մղելու վտանգ սպառնում:
«Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիայի գլխավոր տնօրեն Քրիստինա Սկրիպնիկը նշել է, որ հետազոտության արդյունքները ցնցել են մասնագետներին: Պարզվել է, որ նույն ապրանքանիշի շշալցման նույն ամսաթվով նմուշները կարող են համապատասխանել նորմերին, այլ ամսաթվով նմուշները` պարունակել ոչ խաղողային ծագման սպիրտ։