Reuters-ը հաղորդում է, որ Պակիստանի առողջապահության նախարարությունը հաստատել է mpox վիրուսի առնվազն մեկ դեպք Պարսից ծոցի երկրներից մեկից վերադարձած մարդու մոտ։ Իսկ նահանգային իշխանությունները հայտնել են վիրուսի երեք դեպքի մասին։
Վիրուսի նոր ձևը-ը՝ Clade I-ը, որն ավելի արագ է տարածվում սովորական սերտ շփման միջոցով, աշխարհում մտահոգության առիթ է դարձել։
Օգոստոսի 15-ին Շվեդիայի հանրային առողջության գործակալությունը հայտարարել էր Աֆրիկայից դուրս վիրուսի Clade I տեսակի առաջին դեպքի հայտնաբերման մասին։ Բուժառուն վիրուսով վարակվել է Աֆրիկա ուղևորության ժամանակ։
Իսկ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի առողջապահության նախարարությունը հայտարարել է mpox-ով հիվանդների թվի կտրուկ աճի մասին։ Վերջին երկու ամիսներին տարածաշրջանում հայտնաբերվել է վարակման 93 նոր դեպք։ Մինչդեռ այս տարվա առաջին հինգ ամիսներին գրանցվել է հիվանդության միայն մեկ դեպք։ Առողջության պահպանման վարչության տնօրեն Ջերեմի Մաքանալթին հայտնել է, որ Ավստրալիայում հայտնաբերված շտամը տարբերվում է Աֆրիկայում հայտնաբերվածից։
Չինաստանն իր հերթին հայտարարել է, որ առաջիկա վեց ամիսներին կստուգի երկիր մտնող մարդկանց և ապրանքները, որպեսզի հայտնաբերի վիրուսի հնարավոր առկայությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել