Ուկրաինայի կողմից զինված սադրանքների մեծ հավանականություն կա։ Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը՝ նախագահ Լուկաշենկոյի հետ ռազմական անվտանգության հարցերով հանդիպման ընթացքում: Այդ մասին հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:
«Իրավիճակը հարավային օպերատիվ ուղղությամբ շարունակում է լարված մնալ: Բելառուսի Հանրապետության պետական սահմանի ողջ երկայնքով ակտիվ գործունեություն են ծավալում հատուկ գործողության ուժերի ստորաբաժանումները և Ուկրաինայի անվտանգության ծառայությունը»,-հայտնել է Բելառուսի ՊՆ ղեկավարը:
Նա նաև տեղեկացրել է, որ ուկրաինական կողմը շարունակաբար հետախուզություն է իրականացնում, որի համար ակտիվորեն օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ Բելառուսի օդային տարածքը խախտելու փորձեր։
«Հաշվի առնելով սահմանամերձ շրջաններում ուկրաինական զինված կազմավորումների առկայությունը՝ մեր տարածքում զինված սադրանքների նախապատրաստման և իրականացման մեծ հավանականություն կա»,-ասել է Վիկտոր Խրենինը։