Խորհրդային միության ժամանակ սեյսմիկ վտանգը ՀՀ ամբողջ տարածքի համար թերագնահատված է եղել, հետևաբար շենքերը կառուցվել են ավելի ցածր սեյսմիկ վտանգի համար, քան պետք են։ Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանն՝ անդրադառնալով հնարավոր երկրաշարժի դեպքում Երևանում հետևանքների վերաբերյալ հարցին:
Երևանն այժմ սեյսմիկ վտանգի քարտեզի վրա համարվում է 9 բալանոց գոտի: Խորհրդային միության ժամանակ սեյսմիկ վտանգը ՀՀ ամբողջ տարածքի համար թերագնահատված էր: «Եթե այսօր ունենք 8, 9 և 10 բալանոց գոտիներ, ապա Խորհրդային միության քարտեզի համապատասխան՝ ընդամենը 2 գոտի՝ 7 և 8 բալանոց, հետևաբար շենքերի՝ բնակֆոնդի մեծ մասի կառուցապատումն իրականացվել է 7 և 8 բալի համար:
Շենքերը կառուցված են ավելի ցածր սեյսմիկ վտանգի համար, քան պետք են: Եթե ունենանք 9 բալանոց երկրաշարժ, մենք կունենանք հետևանքներ»,-ասաց Սոս Մարգարյանը:
Երևանի համար կա երկու խզվածք, մեկը գտնվում է Երևան քաղաքի հյուսիս-արևմտյան մասում և Գառնիի խզվածքը, որը ևս շատ մոտ է Երևանին:
Ըստ նրա՝ Երևանի խզվածքն ավելի փոքր պոտենցիալ ունի: Մարգարյանը հավելեց՝ հնարավոր հետևանքների մասին խոսելիս պետք է հիշել նաև գրունտային պայմանները, շենքերի խորությունը, երկրաշարժի խորությունը, այս բոլոր գործոնները կարող են ունենալ ազդեցություն:Երևանում կան ցածր, միջին և բարձր խոցելիության շենքեր: Բարձր խոցելիությամբ շենքերը մոտ 45 տոկոսն են:
Նրա խոսքով, սակայն, դրանք բոլորը չեն, որ մոտ են գտնվում երևանյան խզվածքին: Ուստի հնարավոր հետևանքների մասին խոսելիս պետք է հաշվի առնել բոլոր գործոնները: