MediaHub-ը գրում է․

Ներքին գործերի նախարարությունը պարեկային ավտոմեքենաներ ձեռք բերելու մրցույթ է հայտարարել, բայց տենդերի պահանջներն այնպես է կազմել, որ միայն մեկ ընկերություն կարողանա մասնակցել ու հաղթել։ Եւ այդ մեկ ընկերությունը այս անգամ «Ավանտգարդ» ՍՊԸ-ն է, որը հանդիսանում է շվեդական Volvo ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ 

Ի դեպ, մինչև վերջերս Volvo-ի ներկայացուցիչը Հայաստանում Շախմուրադյան եղբայրներին պատկանող «Կարկոմավտո» ընկերությունն էր, սակայն վերջինս տարածաշրջանում որոշակի վերադասավորումներից հետո հրաժարվեց իր դիլերությունից, և Volvo-ի ներկայացուցիչը լինելու իրավունքը ձեռք բերեց «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը, որը գերմանական Mercedes-Benz-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Այն ձեռք բերեց Volvo-ն Հայաստանում, դրա համար առանձին «Ավանտգարդ» անունով մի ՍՊԸ բացեց, որի անվան տակ էլ այժմ պաշտոնապես Հայաստանում ներկայացված է Volvo ապրանքանիշը։

Ու հիմա հայրենի ոստիկանությունը որոշել է պարեկային ոստիկանության համար նոր մեքենաներ ձեռք բերել, որոնք կլինեն բացառապես էլեկտրական շարժիչով և հենց Volvo մակնիշի, մասնավորապես՝ Volvo XC40 Recharde: Մրցութային հայտում, իհարկե, նշված չէ, որ ՆԳՆ-ն այս ընկերությունից հենց այս մակնիշի ու մոդելի մեքենա է ցանկանում ձեռք բերել, պարզապես մեքենայի տեխնիկական բնութագիրն ու ակնկալվող պահանջներն այնպես են կազմել, որ համապատասխանում է հենց միայն Volvo XC40 Recharde մոդելին․ ուրիշ ոչ մի ընկերության որևէ մոդել այդ բնութագրին չի համապատախանում։ 

Այսինքն՝ ՆԳՆ-ն այնպես է պահանջվող ապրանքի չափանիշները կազմել, որ միայն «Ավանտգարդ» ՍՊԸ-ն մասնակցի և հաղթի։ Այսպիսի բան ոստիկանությունը արել էր նաև պարեկային ծառայության մեքենաների առաջին խմբաքանակի ձեռք բերման ժամանակ, երբ այնպիսի տեխբնութագիր էին տենդերի հիմքում դրել, որ միայն չեխական Skoda մակնիշի պաշտոնական ներկայացուցիչ «Չեխ ավտո» ՍՊԸ-ն կարողանար մասնակցել ու հաղթել։ Ընդ որում, հատուկ այս ընկերության համար օրենքի խախտմամբ երկու անգամ ժամկետ են երկարացրել ու տեխբնութագիր են փոխել, որովհետև «Չեխ ավտո» ՍՊԸ-ն չէր կարողանում տեղավորվել ոստիկանության գրած տեխնիկական բնութագրի և ժամկետների մեջ։ Բայց քանի որ այս իշխանություններին այդ ժամանակ պետք էր, որ պարտադիր հենց այս ընկերությունը հաղթի, իրենք անգամ օրենքը շրջանցելու գնով արեցին այնպես, որ ամեն գնով «Չեխ ավտո»-ն իր Skoda Octavia-ներով մասնակցի ու հաղթի։ 

Հետո, իհարկե, փոշմանեցին, քանի որ իրենց գնած ոստիկանական համալրումներով Skoda-ները, մեղմ ասած, բանի պետք չէին՝ հաճախակի խափանվում էին, էլեկտրոնիկայի, փոխանցման տուփի և այլ ագրեգատների հետ կապված խնդիրներ էին առաջանում, և մինչև հիմա էլ ձեռք բերված խմբաքանակի մի զգալի մասը խափանված կանգնած է ու չի շահագործվում։ Բայց ոստիկանությանը պետք էր Skoda գնել, ու անտեսելով օրենքի պահանջները, իրենք գնեցին դրանք։
Հիմա էլ, փաստորեն, պետք է Volvo գնեն, որոնք, ի դեպ, փոխարինելու են հենց վերը նշված խափանված, շարքից դուրս եկած Skoda-ներին, որոնք սպասարկում էին Երևան քաղաքը։ Ու դրա համար այնպիսի տեխնիկական բնութագիր են կազմել, որ միայն Volvo-ն կարողանա հաղթել, քանի որ էլեկտրական մեքենաներ ներկրող մյուս ընկերությունների համապատասխան մոդելները մի քանի կետով այդ չափանիշներին ու տեխբնութագրին չեն համապատասխանում։ Զորօրինակ՝ ՆԳՆ-ն իր տեխբնութագրում նշել է, որ մեքենան պետք է լինի բացառապես էլեկտրական շարժիչով, հզորությունը՝ ոչ պակաս 170 կՎտ/ժ, ձիաուժը՝ 230-280: Մենք ուսումնասիրեցինք ու տեսանք, որ Volvo-ի էլեկտրական մոդելային շարքի XC40 Recharge մոդելի հզորությունը հենց այդ միջակայքում է՝ 175 կՎտ/ժ և 238 ձիաուժ, եթե մեկ շարժիչով տարբերակն է։ 

Չափսերն էլ են համապատասխանեցրել այս մոդելին։ Ըստ ՆԳՆ-ի առաջադրած տեխբնութագրի՝ երկարությունը պետք է լինի 4400-4800 մմ, լայնությունը՝ 1800-2100 մմ, բարձրությունը՝ 1600-1800 մմ, անվային բազան՝ 2700-2800 մմ։ Զարմանալի զուգադիպությամբ՝ Volvo XC40 Recharge մոդելի չափսերն էլ են այս միջակայքում՝ 4440/1873/1591 (երկարություն/լայնություն/բարձրություն), անվային բազան էլ 2702 մմ է։ Միայն բարձրության մասով են կիքս տվել՝ 9 մմ պակաս են գրել, երևի լավ չեն հաշվել կամ տենդեր գրողն է թերացել։ Բայց դա էական խնդիր չէ, քանի որ մնացած բոլոր չափանիշները ամբողջությամբ համապատասխանում են ՆԳՆ-ի կազմած տենդերի պահանջներին։

Մեքենայի վազքն էլ մեկ լիցքավորմամբ, ըստ ՆԳՆ-ի պահանջների, պետք է լինի ոչ պակաս, քան 400 կմ, իսկ մեր «հերոսի» դեպքում 550 կմ, այսինքն՝ մի բան էլ ավելի է։ 0-100 կմ/ժ արագացումն էլ նշել են ոչ ավել, քան 10 վայրկյանում, իսկ այս Volvo-ն 7.2 վայրկյանում է մինչև 0-100 կմ/ժ արագությունը հավաքում։ 

ՆԳՆ-ն նաև կահավորանքին առնչվող չափանիշներ է ներկայացրել մրցութային հայտում, որ պետք է հետնամասի դռների ապակիների և սրահի առաջնամասը հետնամասից առանձնացնող ճաղավանդակներ տեղադրվեն, որոնք պետք է հետագայում չխոչընդոտեն տրանսպորտային միջոցը երաշխիքի մեջ մնալու պայմանին, քանզի դրանք տեղադրելու համար էլ հետո առանձին գնումների գործընթացով պետք է կազմակերպվի։

Մենք ուրախ կլինենք, իհարկե, եթե մրցույթին այլ ընկերություններ էլ մասնակցեն ու որևէ այլ ընկերություն կամ թեկուզ էլի հենց «Ավանտգարդ» ՍՊԸ-ն հաղթի, բայց դա լինի արդար, թափանցիկ ու հավասար մրցակցային պայմաններում, ինչի երաշխիքը այս պահին՝ համաձայն ներկայացվող պահանջների, դեռ չի երևում։ 

ՆԳՆ-ից MediaHub-ին հայտնեցին, որ իրենք մտադիր են ձեռք բերել մոտ 70 այսպիսի ավտոմեքենա, որի վերաբերյալ տեխնիկական բնութագիրը լայն շրջանակների կողմից քննարկվել է։
«Նկատի ենք ունեցել նաև նախկինում ձեռք բերված էլեկտրամոբիլներին ու դրանց օգտագործման հնարավորությունները, նաև դրվել է հանրային քննարկման, այդ շրջանակներում ստացված առաջարկների հիման վրա է ձևավորվել տեխնիկական բնութագիրը, և այս ամենը իրականացվում է գնումների ընթացակարգի պահպանմամբ»,-ասացին ՆԳՆ-ից։

Իսկ «Ավանտգարդ» ՍՊԸ-ից էլ տեղեկացանք, որ այս պահի դրությամբ ավտոսրահում Volvo XC40 Recharge մոդելի միայն մեկ մեքենա է առկա, այն էլ 2022 թ. արտադրության և 24 մլն դրամ զեղչված արժեքով։ Իսկ 2024 թվականի արտադրության Volvo XC40 Recharge մոդելի մեքենա ունենալու համար պետք է պատվեր գրանցել և սպասել՝ մինչև կներմուծեն։ 

Նկատենք, որ Հայաստանում էլեկտրական մեքենաներ ներմուծող այլ ընկերություններ կան՝ դարձյալ պաշտոնական ներկայացուցիչներ, որոնք կարող են ոստիկանության համար համանման պարամետրերով էլեկտրական մեքենաներ ապահովել կրկնակի ավելի պակաս արժեքով՝ 10-12 մլն դրամով, բայց ՆԳՆ-ն անհասկանալի տրամաբանությամբ (կամ գուցե խորքում թաքնված կոռուպցիոն նպատակներով) որոշել է այնպիսի տեխբնութագիր գրել, որ կրկնակի թանկ արժեքով հենց Volvo-ի այս մոդելը ձեռք բերեն։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել