Lurer.com-ը գրում է.
«Հայաստանն ու Ադրբեջանը գտել են երկուստեք ընդունելի տարբերակ Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող ճանապարհի կամ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված։ Հայաստանը համաձայնել է այդ հարցերի լուծումները գտնել միայն խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Էլչին Ամիրբեկովը։
«Մենք հասկացանք, որ տեսանելի ապագայում չենք կարողանա խաղաղության պայմանագիր կնքել, եթե բացի Սահմանադրության խնդրից, թողնեինք ևս մեկ տարաձայնություն՝ տրանսպորտային հաղորդակցությունների բացումը։ Ուստի, փոխադարձ համաձայնությամբ. մենք որոշեցինք հանել այս կետը հաշտության համաձայնագրից և վերադառնալ դրան ավելի ուշ։
Երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, երկու պատվիրակությունները կամ երկու երկրները կարող են վերսկսել բանակցությունները Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը վերականգնելու ընդունելի բանաձև գտնելու համար»,- ասել է Ամիրբեկովը։
Միաժամանակ, նա ընդգծել է, որ Ադրբեջանի հետ խաղաղությունը Հայաստանի համար անմիջապես հնարավորություններ կբացի Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու համար։
Հիշելով անցած շաբաթ սահմանին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը՝ ադրբեջանցի դիվանագետը հայտարարել է. «Անկարան ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Երևանը ժամանակ է կորցնում՝ հավատալով, որ կարող է իր հետ հարաբերությունները կարգավորել՝ շրջանցելով Բաքուն»։