168.am-ը գրում է․
Նիկոլ Փաշինյանի առաջարկով և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը համատեղության կարգով նշանակվել է Սաուդյան Արաբիայում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի)։
Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։ Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև 2023 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրվել էր դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն:
Արձանագրությունը ստորագրվել էին ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Գրիգորյանը և Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպան Սուլթան բին Աբդալլահ Ալ-Լուայհան Ալ-Անկարը:
Արձանագրության ստորագրումից հետո Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետությունն ու Սաուդյան Արաբիայի Թագավորությունը դիվանագիտական հարաբերությունների սկզբնական շրջանում կունենան ոչ ռեզիդենտ դեսպաններ։ «Սկզբնական շրջանում երկու պետությունները կունենան ոչ ռեզիդենտ դեսպաններ, իսկ հարաբերությունների զարգացմանը և խորացմանը համընթաց՝ մայրաքաղաքներում կարող են հիմնադրվել դեսպանություններ»,- պարզաբանել էր Անի Բադալյանը։