Pastinfo.am-ը գրում է․
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և նրա ընտանիքի անդամները չեն գնացել Գլխավոր Դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու իրենց գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին և ներկայացնելու դիրքորոշում:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Ղուկասյանն ասել է, որ փաստաբանները կգնան։ «Եթե պետք լինի՝ մենք էլ կգնանք, ինչ է եղել։ Ասել են՝ մի ամսվա ընթացքում...շտապելու բան չկա»։
Հարցին, թե իր համար հասկանալի՞ է, թե հատկապես ինչ գույքի ի բռնագանձման մասին է խոսքը՝ նա պատասխանել է, որ՝ ոչ։
Հիշեցնում են, որ Գլխավոր դատախազությունը ծանուցագիր էր ուղարկել Ղուկասյաններին՝ հուլիսի 24-ին դատախազություն ներկայանալու համար՝ միաժամանակ նշելով, որ դրա անհնարինության դեպքում իրավասու մարմնին պետք է տեղյակ պահեն։
Նշվում է, որ այս փուլում դատախազությունը չի հրապարակում, թե որ գույքն է ենթադրաբար համարվում ապօրինի ծագում ունեցող, ինչ են ցանկանում բռնագանձել կամ ինչ չափի: Պատճառաբանությունն այն է, որ այս դեպքում Վարդան Ղուկասյանը, կինը՝ Նոնա Ղուկասյանը, դուստրը՝ Մանյա Ղուկասյանը և, որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, կարող են ներկայացնել ապացույցներ, դիրքորոշումներ, որոնք կարող են փոփոխություն առաջացնել բռնագանձման ենթակա գույքի ցանկում:
Գյումրի համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանը մեղադրվում է հանցավոր ճանապարհով հողամասերի օտարման մեջ։
Դատախազության հաղորդագրության համաձայն՝ Վարդան Ղուկասյանը, 1999թ. նոյեմբերի 24-ից մինչև 2012թ., լինելով Գյումրու քաղաքային համայնքի ղեկավար, հանցավոր ճանապարհով օրինականացրել է Գյումրի քաղաքում գտնվող տասնհինգ հողամասեր, ինչպես նաև վնասել պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող շինություն:
Ըստ մեղադրանքի՝ հանցավոր ճանապարհով նա օրինականացրել է Գյումրի քաղաքի կենտրոնական զբոսայգու տարածքում գտնվող հինգ միավոր հողամաս՝ ընդհանուր 0.48743 հա մակերեսով:
Գյումրու քաղաքային համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանը հանցավոր ճանապարհով օրինականացրել է նաև պետական սեփականություն հանդիսացող 655.0 քմ մակերեսով հողամաս, նախկին զինվորական սովխոզի 2 միավոր հողամաս՝ ընդհանուր 610.0 քմ մակերեսով, պատմության և մշակույթի անշարժ հուշարձան համարվող շինությունը և համայնքային սեփականություն հանդիսացող 930.0 քմ մակերեսով հողամասը:
«Նշված անշարժ գույքերի մի մասը, Գյումրու քաղաքային համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանն օտարել է ինքն իրեն, մի մասը՝ «Անբերդ» ՍՊԸ-ին, որի հավասարաչափ բաժնետերեր են հանդիսացել Վ.Ղ.-ն և իր եղբայրը` Գ.Ղ.-ն, իսկ մյուս մասն էլ Վ.Ղ.-ի կողմից ուղղակի վաճառքով 2006 թվականին օտարվել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող, Վ.Ղ.-ի ընտանիքին պատկանող Ալեքսանդրապոլ հյուրանոցի տնօրեն Ա.Մ.-ին: Ա.Մ.-ն 2009 թվականին նշված հողամասն առուվաճառքի պայմանագրով օտարել է Հ.Գ.-ին, Հ.Գ.-ն 2013 թվականին անհատույց օգտագործման պայմանագրով նշված հողամասը հանձնել է Վ.Ղ.-ին, այնուհետև՝ 2014 թվականին, Հ.Գ.-ն նշված հողամասը նվիրատվությամբ փոխանցել է Վ.Ղ.-ի մտերիմ Ս.Զ.ին, որն էլ 2017 թվականին, նվիրատվության պայմանագրով, տվյալ հողամասը փոխանցել է Վ.Ղ.ի որդուն` Ս.Ղ.-ին: Նաև փաստական տվյալ է ձեռք բերվել, որ Վարդան Ղուկասյանի կողմից վնասվել է պատմության և մշակույթի հուշարձանը», նշված էր տարածված հաղորդագրության մեջ։