Tert.am-ը գրում է․

Հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառվեցին ցուցարարների դեմ: Մինչ օրս դեռևս պատշաճ տեղեկություն չի հաղորդվում, թե հատկապես ի՞նչ տեսակի նռնակներ են կիրառվել:

Tert.am-ը գրավոր հարցումով դիմել էր ՆԳ նախարար Վահե Ղազարյանին՝ տրամադրելու տեղեկություն արդյոք կիրառվել է «Զարյա 3» արգելված միջոցը: Սակայն նախարարությունից նշել էին, որ տեղեկությունը պարզելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ ուսումնասիրություն և կպատասխանեն 30-օրյա ժամկետում, իսկ դրանից հետո պատասխանել էին, որ դիմենք Քննչական կոմիտե, քանի որ դեպքերի առնչությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Այսօր արդեն Tert.am-ը ստացել է Քննչական կոմիտեի պատասխանը, որտեղ էլի նշված չէ՝ ի վերջո ի՞նչ հատուկ միջոց է կիրառվել ցուցարարների դեմ հունիսի 12-ին:

Քննչականից Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան նշել են, որ հունիսի 12-ի դեպքերի առնչությամբ հարուցվել է 2 քրեական վարույթ, որոնք միացվել են մեկ վարույթում:

Հիշյալ քրեական վարույթով հանրային քրեական հետապնդում հարուցվել է 17 անձի նկատմամբ: Հատկանշական է, որ Քննչական կոմիտեի հիշատակած 17 անձինք էլ ցուցարարներ են:

Քննչականից հայտնել են նաև, որ 2024թ. հունիսի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվել է մեկ այլ քրեական վարույթ՝ 2024 թ. հունիսի 12-ին Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ Ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների, այդ թվում՝ լուսաձայնային նռնակների գործադրման արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ:

Քննչական կոմիտեի տված պատասխանից հասկանում ենք, որ թեև քրեական վարույթով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և վարույթային գործողություններ՝ դեպքի և հատուկ միջոցների բնույթի և կիրառման իրավաչափման հանգամանքները պարզելու ուղղությամբ, սակայն նշված քրեական վարույթով ներկա փուլում քրեական հետապնդում որևէ անձի նկատմամբ հարուցված չէ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել