168.am-ը գրում է.

«Այն, ինչ արգելված չէ օրենքով, թույլատրված է». դեռ տարեսկզբին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսպես էր արձագանքել 168․am–ի այն հարցին, որով հետաքրքրվել էինք, թե ինչպե՞ս է ստացվում, որ նախարարի ղեկավարած գերատեսչությունը «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում գնումներ է կատարում իր ընտանիքին պատկանող ընկերությունից՝ «Արֆարմացիայից»:

«Արֆարմացիան» այսօր էլ շարունակում է մնալ պետգնումներում ֆավորիտ մատակարար։ Ասել է թե՝ նախարարի նշանաբանն այսօր էլ է ակտուալ՝ «այն, ինչ արգելված չէ օրենքով, թույլատրված է»։ Այսպես, տարին նոր է կիսվել, իսկ այս ընկերության հետ պետական տարբեր գերատեսչություններ՝ հիմնականում Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող բժշկական կենտրոններ, շուրջ 45 պայմանագիր են կնքել՝ պատվիրակելով միլիոնավոր դրամների դեղորայք, պատվաստանութեր, բժշկական նշանակության ապրանքներ և այլն։

Ու դարձյալ նշենք, որ «Արֆարմացիա» ՓԲԸ-ի 31 տոկոս մասնաբաժինը 1997 թվականից պատկանում է Անահիտ Ավանեսյանի մորը՝ Մարգուշ Վարդանյանին, մյուս՝ 29.7 տոկոսը, 2015 թվականից՝ հայտնի գործարար Վաչե Մանուկյանին, իսկ որպես միջանկյալ ընկերություն է նշվում «Ֆարմատեք» ՓԲԸ-ն, որը տնօրինում է Վահան Առուշանյանը։ Հետաքրքրական է, որ «Ֆարմատեք» ՓԲԸ-ն էլ իր հերթին է առանձին ու ակտիվ մասնակցում պետական գնումներին։ Վարդանյան և Մանուկյան գործարար զույգին է պատկանում նաև «Արֆարմացիա» դեղատուն-ՍՊԸ-ն՝ նույն մասնաբաժիններով և մասնակցությամբ։

    Ի դեպ, թե՛ «Արֆարմացիա», թե՛ «Ֆարմատեք» ՓԲԸ-ների ակտիվությունը պետգնումներում առավել ուշագրավ է հենց 2018-2019 թվականներից․ նրանց հիմնական պատվիրատուներն են եղել Գավառի, Գորիսի, Կապանի, Արթիկի, Գուգարքի, Վանաձորի, Վարդենիսի և այլ տարածաշրջանների բկ-ները, ՆԳ, ՊՆ և այլ նախարարությունները, Բժշկական համալսարանը, առողջության այլ կենտրոններ և այլն։

    Նկատենք՝ թավշա իրադարձություններից հետո Անահիտ Ավանեսյանի ընտանիքին պատկանող միայն այս բիզնեսը չէ, որ ծաղկել է․ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ «Իբարի» ՍՊԸ-ն, որը պատկանում է նաև Անահիտ Ավանեսյանի ամուսնուն՝ Ստեփան Ավանեսյանին, և զբաղվում է ջեմի, մեղրի, գինու, թեյի, մուրաբաների արտադրությամբ, կառավարությունից արտոնություններ էր ստացել։

    Ինքը՝ Ավանեսյանը ևս ունի բիզնես շահեր․ 2011 թվականին հիմնադրված «Աբովյան 39» ՍՊԸ 50 տոկոսը պատկանում է նախարարին, մյուս 50-ը՝ քրոջը՝ Շուշան Վարդանյանին։ Ի դեպ, պաշտոնատար անձի` 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրում նախարարը 12 միլիոն դրամ շահաբաժին է հայտարարագրել հենց այս ՍՊԸ-ից։

    Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
    print Տպել