168.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանը շարունակում է պայքարը, իր իսկ ձևակերպմամբ, իրական ու պատմական Հայաստանների դեմ, քանի որ, նրա մեկնաբանությամբ՝ դրանք համատեղելի չեն։ Դեռևս այս տարվա ապրիլին, երբ ԱԺ-ում ներկայացնում էր 2023 թվականի պետական բյուջեի կատարողականը, հայտարարեց, որ «44-օրյա պատերազմից հետո մեկնարկել է պատմական և իրական Հայաստանների շուրջ բանավեճը, ու պատմական Հայաստանը և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց և լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար»։

«Ես և կառավարությունը, երկար ժամանակ լինելով պատմական Հայաստանի հոգեբանության և ավանդույթի կրող, միայն 2022թ. արձանագրեցինք, որ ՀՀ անվտանգության ապահովման առանցքային գործոնն արհամարհված է, և մեր պետականության հիմնադրման առաջին տարիներից է դա տեղի ունեցել, և այդ գործոնը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններն են, Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքը։

Պատմական Հայաստանը չի ճանաչում իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետև իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը սահմանափակող գործոն է պատմական Հայաստանի համար, և նրան դրսևորվելու հնարավորություն չի տալիս»,- շեշտել էր Նիկոլ Փաշինյանը։

Նա այս թեզը ժամանակ առ ժամանակ կրկնում է՝ հայտարարելով, որ այժմ բոլորն ապրում են իրական Հայաստանում, այլ ոչ թե պատմական։

168.am հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը Նիկոլ Փաշինյանի այս թեզը համարում է հատուկ ծրագիր, թելադրանք, որը փորձում է իրականացնել։

«Յուրաքանչյուր երկիր, օրինակ, Ֆրանսիան, Գերմանիան, նույնիսկ Միացյալ Նահանգները, բոլորն իրենց համարում են պատմական երկրներ, ունեն պատմություն։ Եթե, օրինակ, իրենց որևէ մեկն ասի՝ դուք պետք է ապրեք իրական Ֆրանսիայում, այլ ոչ թե պատմական, ապա այդ ասողին պատասխանատվության կկանչեն, բանտ կտանեն կամ այլ բան, կամ առնվազն կզարմանան ու նման բան ասողին անգրագետ կհամարեն։

Ամեն երկիր ունի իր պատմությունը և սեփական պատմությունից հրաժարվել՝ նշանակում է հրաժարվել նաև ազգի էությունից, էթնիկ պատկանելությունից»,- իր տեսակետը հիմնավորեց Աննա Մայիլյանը։

Նրա մեկնաբանությամբ՝ այս ծրագրով նպատակ են հետապնդում հայ ազգին կտրել իր արմատներից, մոռացության տալ, թե որտեղից է եկել ու ուր է գնում։

«Եթե մոռանում ենք պատմական Հայաստանի մասին, ապրում ենք իրական Հայաստանում, նշանակում է՝ այսօր ենք ապրում, վաղը չունենք, այսինքն՝ չունենք ապագա։

Իմ նման մարդիկ չեն կարող հաշտ ապրել՝ մոռանալով պատմական Հայաստանի մասին։ Ինքս ներկայացնում եմ մի մշակույթ, որը կապված է պատմական Հայաստանի հետ, եթե ինձ պետք է ստիպեն, որպեսզի չերգեմ Կարինի, Վանի, Ջուղայի երգերը, այդ թվում՝ Կոմիտասի, Շնորհալու, Նարեկացու երգերը, ուրեմն ի՞նչ պետք է երգեմ։ Ես ներկայացնում եմ ամբողջ պատմական Հայաստանի մշակույթը, սա իմ արմատի երգերն են, մշակույթը։ Եթե հիմա խոսում են միայն պատմության մասին, վաղը սա տարածելու են նաև մշակույթի վրա, ասելու են՝ սա մի երգեք, դրանք «թուրքական են», այստեղ շատ վտանգավոր բան եմ տեսնում»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել