Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն դեռևս հուլիսի 18-ին ժամը 22:32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Երևանի ՋԷԿ» ՓԲ ընկերության նոր մասնաշենքի մոտակայքում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում:
Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 19-ին, ժամը 03:40-ին, մարվել՝ հուլիսի 20-ին, ժամը 11:21-ին: Մոտ 2.5 հա տարածքում այրվել են կուտակած ճյուղեր։
Դեպքի վայրում են գտնվել Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պարտականությունները ժամանակավոր կատարող, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը, փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը և պաշտոնատար այլ անձինք: