Armenpress.am-ը գրում է.
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ը։
«Նախագահ Զելենսկին և ես շատ լավ հեռախոսազրույց ունեցանք»,-հայտնել է Թրամփը։
«Որպես Միացյալ Նահանգների ձեր հաջորդ նախագահ՝ ես կբերեմ համաշխարհային խաղաղություն և վերջ կտամ պատերազմին, որը խլել է այդքան շատ կյանքեր և ավերել անթիվ անմեղ ընտանիքներ: Երկու կողմերն էլ կարող են հավաքվել և բանակցել համաձայնագրի շուրջ, որը վերջ կդնի բռնությանը և ճանապարհ կհարթի դեպի բարգավաճում»,-ասել է Թրամփը։
Նա նշել է, որ Ուկրաինայի ղեկավարը նույնպես դատապարտել է ԱՄՆ նախկին նախագահի դեմ մահափորձը և շնորհավորել նրան Միլուոկիում Հանրապետական կուսակցության ազգային համագումարի հաջող անցկացման կապակցությամբ։
Թրամփը բազմիցս հայտարարել է, որ մտադիր է արագ լուծել ուկրաինական հակամարտությունը, եթե հաղթի 2024 թվականի նախագահական ընտրություններում։ Հունիսի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ նախընտրական բանավեճում Թրամփը խոստացել էր, որ վերընտրվելու դեպքում կկարողանա վերջ դնել հակամարտությունը նախքան իր պաշտոնը ստանձնելը 2025 թվականի հունվարի 20-ին։