Tert.am-ը գրում է.

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը ներկայացրել է իր դիրքորոշումը «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու ՀՀ ԿԳՄՍ նախարարության օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ։ Հայտարարությունը՝ ստորև․

«Որոշումը միաձայն ընդունվել է Հայոց պատմության ամբիոնի 2024 թ. հունվարի 24-ին կայացած նիստում, որին մասնակցում էին ամբիոնի 18 անդամներից 14-ը և Պատմության ֆակուլտետի դեկան պ․ գ․ թ․, դոցենտ Մ․ Ռ․ Գաբրիելյանը։

1. Ամբիոնն իր տարակուսանքը և խոր մտահոգությունն է հայտնում, որ ԿԳՄՍ նախարարությունը և նրան ենթակա կառույցները, առանց գիտական ու կրթական հան­րության շրջանում լուրջ քննարկումների, կրթական նոր չափորոշիչներից և «Հայոց պատմության» 7-րդ դասարանի աղմկահարույց դասագրքի հրատարակությունից հետո, հերթական չմտածված և բնավ չնախապատրաստված քայլն են կատարում՝ շրջանա­ռու­թյան մեջ մտցնելով մի նախագիծ, որը ոչ միայն չի բխում ազգային-կրթական և ազգային-պետական շահերից, այլև ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի, ժամանակավրեպ է, և որի հետևանքները վնասակար ու վտանգավոր են լինելու ոչ միայն կրթական համա­կարգի, այլև՝ ընդհանրապես Հայաստանի ու ողջ հայության համար:

2. ԿԳՄՍ-ն որդեգրել է մի գործելակերպ, որն ի սկզբանե կազմակերպական առու­մով բացասական տպավորություն է թողնում: Ինչ-որ անանուն պատմաբանների դի­մու­մի հիման վրա (որևէ փաստ չկա, որ այդ պատմաբաններն իրականում կան) անմի­ջապես ի հայտ է գալիս փոփոխությունների նախագիծ և դրվում քննարկման: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ առաջարկին պետք է հաջորդեր դրա հեղինակների կողմից իրենց առաջարկի հիմնավորումների հրապարակումը: Դրան պիտի հաջորդեր համապատասխան մասնագիտական կառույցների կարծիքների ճշտումը, և դրական կար­ծիքների դեպքում նոր միայն կազմվեր պատշաճ հիմնավորված փաստաթուղթ, որը կարող էր ներկայացվել հանրային քննարկման: Այսինքն՝ հարցին պետք է ցուցաբերվեր պետական-ինստիտուցիոնալ մոտեցում, ինչը չի կատարվել: Դա խոսում է գիտակրթա­կան հաստատությունների նկատմամբ անթաքույց  անվստահության մասին և թողնում է դավադրական գործողությունների տպավորություն, ինչը բնավ չի բխում Հայաստանի Հանրա­պետության և, ընդհանրապես, հայության շահերից:

3. Հայո՞ց պատմություն, թե՞ Հայաստանի պատմություն հարցադրումը և երկրորդն առաջինին հակադրելը ամբիոնի կարծիքով արհեստական է և բացատրվում է նախա­գիծը նախաձեռնողների՝ որոշ իրողությունների չիմացությամբ կամ զուտ քաղաքական ինչ-ինչ նկատառումներով: Դրա հետ կապված՝ մի քանի պարզաբանումներ.

ա) Հանրակրթական առարկայի` ներկայումս կիրառվող «Հայոց պատմություն» անվանումը գրաբարյան «Պատմութիւն Հայոց» ձևակերպման աշխարհաբարյան տար­բերակն է։ 1990-ական թթ. սկզբներին նորանկախ Հայաստանի պատմաբանները (ակա­դեմիկոսներ Լենդրուշ Խուրշուդյան, Հրաչիկ Սիմոնյան, Վլադիմիր Բարխու­դա­րյան և այլք) տևական քննարկումներից հետո որոշեցին հրա­ժարվել խորհրդային տարիներին կիրառված «Հայ ժողովրդի պատմություն» անվա­նու­մից և վերադարձ կա­տարել Ոսկե­դարի շրջանից մինչև ուշ միջնադար ու նոր (վաղ արդի) ժամանակաշրջան կիրառված պատմագրական ավանդույթին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել