Tert.am-ը գրում է.
ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը ներկայացրել է իր դիրքորոշումը «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու ՀՀ ԿԳՄՍ նախարարության օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ։ Հայտարարությունը՝ ստորև․
«Որոշումը միաձայն ընդունվել է Հայոց պատմության ամբիոնի 2024 թ. հունվարի 24-ին կայացած նիստում, որին մասնակցում էին ամբիոնի 18 անդամներից 14-ը և Պատմության ֆակուլտետի դեկան պ․ գ․ թ․, դոցենտ Մ․ Ռ․ Գաբրիելյանը։
1. Ամբիոնն իր տարակուսանքը և խոր մտահոգությունն է հայտնում, որ ԿԳՄՍ նախարարությունը և նրան ենթակա կառույցները, առանց գիտական ու կրթական հանրության շրջանում լուրջ քննարկումների, կրթական նոր չափորոշիչներից և «Հայոց պատմության» 7-րդ դասարանի աղմկահարույց դասագրքի հրատարակությունից հետո, հերթական չմտածված և բնավ չնախապատրաստված քայլն են կատարում՝ շրջանառության մեջ մտցնելով մի նախագիծ, որը ոչ միայն չի բխում ազգային-կրթական և ազգային-պետական շահերից, այլև ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի, ժամանակավրեպ է, և որի հետևանքները վնասակար ու վտանգավոր են լինելու ոչ միայն կրթական համակարգի, այլև՝ ընդհանրապես Հայաստանի ու ողջ հայության համար:
2. ԿԳՄՍ-ն որդեգրել է մի գործելակերպ, որն ի սկզբանե կազմակերպական առումով բացասական տպավորություն է թողնում: Ինչ-որ անանուն պատմաբանների դիմումի հիման վրա (որևէ փաստ չկա, որ այդ պատմաբաններն իրականում կան) անմիջապես ի հայտ է գալիս փոփոխությունների նախագիծ և դրվում քննարկման: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ առաջարկին պետք է հաջորդեր դրա հեղինակների կողմից իրենց առաջարկի հիմնավորումների հրապարակումը: Դրան պիտի հաջորդեր համապատասխան մասնագիտական կառույցների կարծիքների ճշտումը, և դրական կարծիքների դեպքում նոր միայն կազմվեր պատշաճ հիմնավորված փաստաթուղթ, որը կարող էր ներկայացվել հանրային քննարկման: Այսինքն՝ հարցին պետք է ցուցաբերվեր պետական-ինստիտուցիոնալ մոտեցում, ինչը չի կատարվել: Դա խոսում է գիտակրթական հաստատությունների նկատմամբ անթաքույց անվստահության մասին և թողնում է դավադրական գործողությունների տպավորություն, ինչը բնավ չի բխում Հայաստանի Հանրապետության և, ընդհանրապես, հայության շահերից:
3. Հայո՞ց պատմություն, թե՞ Հայաստանի պատմություն հարցադրումը և երկրորդն առաջինին հակադրելը ամբիոնի կարծիքով արհեստական է և բացատրվում է նախագիծը նախաձեռնողների՝ որոշ իրողությունների չիմացությամբ կամ զուտ քաղաքական ինչ-ինչ նկատառումներով: Դրա հետ կապված՝ մի քանի պարզաբանումներ.
ա) Հանրակրթական առարկայի` ներկայումս կիրառվող «Հայոց պատմություն» անվանումը գրաբարյան «Պատմութիւն Հայոց» ձևակերպման աշխարհաբարյան տարբերակն է։ 1990-ական թթ. սկզբներին նորանկախ Հայաստանի պատմաբանները (ակադեմիկոսներ Լենդրուշ Խուրշուդյան, Հրաչիկ Սիմոնյան, Վլադիմիր Բարխուդարյան և այլք) տևական քննարկումներից հետո որոշեցին հրաժարվել խորհրդային տարիներին կիրառված «Հայ ժողովրդի պատմություն» անվանումից և վերադարձ կատարել Ոսկեդարի շրջանից մինչև ուշ միջնադար ու նոր (վաղ արդի) ժամանակաշրջան կիրառված պատմագրական ավանդույթին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: