Tert.am-ը գրում է.
Սոցցանցերում և լրատվամիջոցներում տարածվում է «Մայրենի 3» դասագրքի կազմի վերջին էջի լուսանկարը, որտեղ Հայաստանի դրոշն է՝ վերևում կրակ, ինչը լայն քննարկումների ու քննադատությունների է արժանացել:
Tert.am-ի հետ զրույցում դասագրքի հեղինակ Վաչագան Սարգսյանը հայտնել է, որ ի սկզբանե իրենց կողմից նախատեսված է եղել այլ տարբերակ, և նշված էջը բացարձակապես կապ չունի իրենց ներկայացրածի հետ:
«Մեր ուղարկածը տարբերվում է տպագրվածից: Նախկինում շատ լավ պրակտիկա կար. երբ գիրքը տպագրվում էր, մեկ օրինակ ուղարկում էին հեղինակներին, որոնք նայում էին, եթե ամեն ինչ ճիշտ էր լինում, ստորագրում էին: Հիմա, ցավոք սրտի, այդ պրակտիկան վերացել է, ինչը հաճախ թյուրիմացությունների է հանգեցնում: Ես չեմ տեսել տպագրված տարբերակը, ինչ-որ ծրագրի խափանման պատճառով էջերի տեղերը փոխվել են, տպարանում դա չեն նկատել ու այդպես տպագրվել է: Չեմ կարծում, որ այդտեղ որևէ միտում կա, անիմաստ եմ համարում կարծիքները, որ «Անտարես»-ից որևէ մեկը պետք է նման բան աներ։ Պարզ է, որ տեղի ունեցածը թյուրիմացության արդյունք է»,- ասաց Սարգսյանը:
Հարցին՝ անհրաժեշտություն տեսնո՞ւմ է հետ կանչել դասագրքերի տպաքանակը, Սարգսյանը նշեց.
«Չեմ կարծում, որ դա որևէ բան կփոխի, մանավանդ, որ կարելի է ստացվածը տարբեր կերպ մեկնաբանել: Այն բնականաբար իմ սրտով չէ, կուզենայի, որ իմ ներկայացրած տարբերակով հրատարակվեր, բայց հիմա նախարարությունը և «Անտարես»-ը տեղյակ են այդ ամենից, իրենք ինչպես որոշեն, այդպես էլ կանեն։ Այս պահին չունեմ որևէ առաջարկ, որը կարող է շտկել իրավիճակը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: