Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին։ Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, շնորհավորելով Ադրբեջանում COP29-ի միջոցառումն անցկացնելու նախաձեռնությունը՝ նշել է, որ ինքն անձամբ կմասնակցի հավաքին:
Հելգա Մարիա Շմիդի փոսքով՝ ԵԱՀԿ-ն և Ադրբեջանը COP29-ի շրջանակներում ակտիվ համագործակցում են:
Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային խաղաղության օրակարգի հարցերի շուրջ։
Ալիևը հավաստիացրել է, թե Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և միաժամանակ հերթական անգամ նշել, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար կարևոր է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, քանի որ այդպես սահմանադրական հիմունքներով վերջ կդրվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին։
Հելգա Մարիա Շմիդն անդրադարձել է մարդասիրական ականազերծման աշխատանքներին։
Նշելով, որ «Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի և ադրբեջանական հողերի օկուպացիայի հետևանքով տարածքները զանգվածաբար աղտոտվել են ականներով»՝ Ալիևն ասել է, թե տեղի են ունեցել ականների պայթյունների հետ կապված մոտ 370 միջադեպեր, կան զոհեր և վիրավորներ։
Բաքուն պնդում է, թե պատերազմից հետո Հայաստանի տրամադրած ականապատ քարտեզների ճշգրտությունն ընդամենը 25 տոկոս է՝ շեշտելով՝ վերջին տարիներին ականների պայթյունների ավելի քան 55 տոկոսը տեղի են ունեցել այն տարածքներում, որոնց վերաբերյալ Հայաստանը քարտեզներ չի տրամադրել։ Երևանն էլ արձագանքում է, որ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան:
Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև ԵԱՀԿ օրակարգային հարցերի շուրջ։