Եվրահանձնաժողովը (ԵՀ) մասնավոր վարկատուներին կոչ է արել «օպերատիվ կերպով» համաձայնության հասնել Ուկրաինայի կառավարության հետ պարտքի վերաձևակերպման շուրջ՝ երկրի դեֆոլտ թույլ չտալու համար։ Այս մասին հաղորդում է Euractiv լրատվական հարթակը։

«Շատ կարևոր է, որ Ուկրաինան և պարտատոմսերի օտարերկրացի պահառուներն օպերատիվ կերպով արդարացի համաձայնության հասնեն (պարտքի) վերաձևակերպման պարամետրերի շուրջ: Դա անհրաժեշտ է պարտքի ընդունելի մակարդակի վերականգնման նպատակին հասնելու համար», – մեջբերում է հարթակը ԵՀ խոսնակի խոսքը։

Ըստ խոսնակի՝ ԵՄ-ում համոզված են, որ շահագրգիռ կողմերը մտադիր են դա անել մինչև Ուկրաինայի պարտքի մարման ժամկետի լրանալը։

Ինչպես հարթակին մեկնաբանել է պարտային ճգնաժամերի կարգավորման հարցերով զբաղվող, Մեծ Բրիտանիայում տեղակայված Debt Justice ընկերության ներկայացուցիչ Թիմ Ջոնսը, «եթե ձեռք չբերվի պարտքի վճարման դադարեցման նոր համաձայնություն կամ պարտքի լրիվ վերաձևակերպման վերաբերյալ համաձայնություն, ապա Ուկրաինային, ամենայն հավանականությամբ, դեֆոլտ է սպասվում»: Նա հավելել է, որ Ուկրաինան «չի կարող և չպետք է լրիվ ծավալով վճարի մասնավոր վարկատուներին» Ռուսաստանի հետ պատերազմի ընթացքում։

Հուլիսի սկզբին Ուկրաինայի Գերագույն ռադայի ֆինանսական, հարկային և մաքսային հարցերով հանձնաժողովի անդամ Նինա Յուժանինը հայտարարել էր, որ Ուկրաինան արդեն դեֆոլտի վիճակում է, սակայն դա «դե յուրե» չի ձևակերպվել. երկրի իշխանությունները շարունակում են բանակցությունները վարկատուների հետ՝ արտաքին պարտքի վերաձևակերպման շուրջ։

Ավելի վաղ The Economist-ը հայտնել էր, որ Ուկրաինայի իշխանությունները կարող են դեֆոլտ հայտարարել արդեն օգոստոսին, եթե ներդրողների հետ չկարողանան պայմանավորվել պարտքի վերաձևակերպման շուրջ։ Հրատարակությունը նշել էր, որ ռազմական գործողությունները ծանր վնաս են հասցնում Ուկրաինայի տնտեսությանը։ Երկրի պարտքի չափը հունիսի դրությամբ հասել էր ՀՆԱ-ի 94 %-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել