Մոսկվան անհանգստացած է, որ Երևանի հավանությամբ ԵՄ առաքելությունը կարող է դառնալ մշտական, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մենք նաև մտահոգված ենք, որ Երևանի հավանությամբ առաքելությունը ոչ միայն ընդլայնվում է, այլ սպառնում է ժամանակավորից դառնալ մշտական: Բացի այդ, ինչպես գիտեք, այս տարվա ապրիլին առաքելության անձնակազմում հայտնվել են Կանադայի ներկայացուցիչներ, ինչը դե ֆակտո նշանակում է ՆԱՏՕ-ի սողացող ներթափանցում Հարավային Կովկաս»,- ընդգծել է Գալուզինը։

Նրա խոսքով, ռուսական կողմը Երևանի և տարածաշրջանային այլ գործընկերների հետ շփումներում մշտապես բարձրացնում է ԵՄ առաքելության թեման։

«Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն կարող է ձեռք բերվել միայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների համապարփակ իրագործման հիման վրա»,- հավելել է նա։

ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը հայտարարել է նաև, որ Հայաստանում արևմտականները կարող են հետախուզական տվյալներ հավաքել ռուսական օբյեկտների, ինչպես նաև հարևան պետությունների վերաբերյալ։

Հայաստանի խորհրդարանը մարտին վավերացրել է Եվրամիության հետ 2023 թվականի նոյեմբերին ստորագրված համաձայնագիրը Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ առաքելության կարգավիճակի մասին, որը դիտորդներին տալիս է անձեռնմխելիություն և արտոնություններ։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել