Հուլիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Գոնզալեզ Ալեմանին:

Շնորհավորելով նորանշանակ դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձման առիթով՝ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է երկու երկրների միջև առկա համագործակցությանը և ժողովուրդների բարեկամական ջերմ հարաբերություններին։

Հանդիպմանը Նորին Սրբությունը դեսպանին տեղեկություններ է փոխանցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ հայ ժողովրդի կյանքում ունեցած կարևոր դերակատարության՝ հոգևոր, մշակութային արժեքների, ազգային ինքնության կերտման և ազգապահպան առաքելության մասին։

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը մտահոգությամբ անդրադարձ է կատարել նաև Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին, միջազգային ատյաններում հայ ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության կարևորությանը և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրներին: Այս առնչությամբ Հայոց Հովվապետն իր գնահատանքը հայտնել է Արգենտինայի իշխանություններին հայ ժողովրդին ցուցաբերվող աջակցության և զորակցության համար։

Դեսպան Ռաֆայել Գոնզալեզ Ալեմանը, խոսելով իր առաքելության և տարբեր ոլորտներում նախանշված ծրագրերի մասին, հավաստիացրել է Հայոց Հայրապետին, որ կանի առավելագույնը երկու երկրների բարեկամությունն ու փոխգործակցությունն առավել ամրապնդելու ուղղությամբ:

Զրուցակիցները անդրադարձել են նաև Արգենտինայի հայ համայնքին` ընդգծելով, որ այն իր կարևոր նպաստն է բերում երկրի զարգացմանն ու առաջընթացին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել