168.am-ը գրում է․

168am-ը երեկ տեղեկացրել էր, որ Երևանի մետրոյի կայարանում տեղադրվել են նոր անցարգելներ՝ վճարման նոր համակարգով․ քաղաքացիները ժետոնների փոխարեն՝ տոմսերը գնելու են QR կոդի հավելվածով կամ տերմինալով:

Քաղաքապետին ուղղված մեր գրավոր հարցմամբ նաև փորձել էինք ճշտել՝ հնարավո՞ր է՝ այս համակարգի ներդրումից հետո ժետոն վաճառողները բախվեն գործազրկության խնդրի։

Ի պատասխան՝ քաղաքապետարանից վստահեցրել են․ «Այս պահին մետրոպոլիտենի աշխատակիցների աշխատանքից ազատման հարց չի քննարկվում»։

Քաղաքային իշխանությունները մեր հարցադրումներին ի պատասխան՝ անդրադարձել էին նաև քաղաքացիների այն ահազանգերին, որոնք նշում էին մետրոյի նոր վճարային համակարգի տեխնիկական խնդիրների մասին։

«Համակարգի ներդրման փուլում խնդիրների ի հայտ գալը բնականոն երևույթ է, որոնց լուծումը գտնվում է Թել-Սել ընկերության և Երևանի քաղաքապետարանի վերահսկողության ներքո»,- պարզաբանել էին քաղաքապետարանից։

Հիշեցնենք՝ երեկ ժետոն վաճառողների ճակատագրի մասին 168am-ը հետաքրքրվել էր նաև Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանից։

Տաթև Խաչատրյանը պարզաբանել էր․ «Ժետոն վաճառողները չեն մնա գործազուրկ։ Մինչև հանրությունը կարողանա վարժ տիրապետել համակարգին, ժետոն վաճառող գանձապահները լինելու են։ Բացի այդ՝ ժետոն վաճառող գանձապահները մնալու են իրենց տեղում, քանի որ մետրոյից օգտվում են տատիկ-պապիկները, որոնք այդ նորագույն տեխնոլոգիաներին, QR կոդերին ծանոթ չեն»։

Հստակեցմանը՝ բոլո՞րն են մնալու իրենց տեղերում, եթե աշխատանքը մասնակի կրճատվում է, մետրոպոլիտենի մամուլի խոսնակն արձագանքել էր, որ այդ հարցը դեռևս չի քննարկվել, այդուհանդերձ, նկատել, որ կայարաններում դեռ մնալու են՝ սպասարկելու, QR կոդեր տրամադրելով այն քաղաքացիներին, որոնք չեն կարողանում օգտվել նոր համակարգից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել