Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարություն է տարածել օրերս Կոնգրեսականներ Էշուի և Սմիթի կողմից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ Արցախում իրականացված էթնիկ զտումը դատապարտող երկկուսակցական բանաձևի նախագծի ներկայացման վերաբերյալ։

«Ողջունում ենք ԱՄՆ կոնգրեսականներ Աննա Էշուի և Քրիս Սմիթի կողմից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ ներկայացված բանաձևը, որով առաջարկվում է պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումները, պատասխանատվություն պահանջել Ադրբեջանից ռազմական հանցագործությունների համար և պաշտպանել արցախցիների՝ անվտանգ և ապահով վերադարձի իրավունքը։

Կարևորում ենք, որ ԱՄՆ կոնգրեսականների կողմից ներկայացված այս բանաձևը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումն ու 2023 թվականի սեպտեմբերին սանձազերծած ռազմական ագրեսիան և ԱՄՆ նախագահին ու դաշնային համապատասխան մարմիններին կոչ է անում անհապաղ գործողություններ ձեռնարկել՝

• ապահովելու Արցախի բռնի տեղահանված ժողովրդի սեփական հայրենիք ազատ և անվտանգ վերադառնալու հիմնարար իրավունքը՝ անվտանգային ամուր երաշխիքների ներքո,

• պատժամիջոցներ կիրառել ռազմական հանցագործությունների համար մեղավոր ադրբեջանական պաշտոնյաների նկատմամբ,

• հումանիտար աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ բռնի տեղահանված արցախցիների հումանիտար խնդիրները հասցեագրելու համար,

• կասեցնել ԱՄՆ կողմից Ադրբեջանին տրվող ռազմական աջակցությունը

• քայլեր ձեռնարկել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անհապաղ ազատ արձակման և Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ։

Լիահույս ենք, որ կոնգրեսականների կողմից ներկայացված բանաձևը պաշտոնապես կընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից, և դրանում ներկայացված դրույթները կարտահատվեն ԱՄՆ գործադիրի կողմից վարվող քաղաքականության մեջ՝ նպաստելով Հարավային Կովկասում արդարացի և տևական խաղաղության հաստատմանը։

ԱՀ Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունց

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան

ԱՀ ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ  Կարեն Բեքարյան», - ասված է հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել