Մենք նաև կարևոր քաղաքականություն ենք վարում նախադպրոցական կրթության տարիքն ավելի իջեցնելու և մսուրային տարիքի երեխաներին ընդգրկելու մասով։

Այս մասին կառավարության նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախ` Ժաննա Անդրեասյանը նշեց, նախատեսվում է, որ 93 վերանորոգված և վերանորոգվող մանկապարտեզները 2,314,386,000 հազար դրամի չափով նախարարության միջոցների հաշվին անհրաժեշտ գույքով ապահովվեն։

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ 159 մանկապարտեզ վերանորոգված է։

«Հիմա առանձնացրել ենք այն մանկապարտեզների ցանկը, որտեղ շինարարությունն ավարտվում է, բայց գույքով ապահովման խնդիր կա, նման 93 մանկապարտեզ է առանձնացված»,- ասաց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ այդ բոլոր մանկապարտեզներն անպայման այցելելու է, տեսնի՝ ինչ գույք է ձեռք բերվել։

Ժաննա Անդրեասյանը նշեց, որ կարևոր քաղաքականություն են վարում նախադպրոցական կրթության տարիքն ավելի իջեցնելու և մսուրային տարիքի երեխաներին ընդգրկելու մասով։

«Հիմա մի փորձնական ծրագիր ենք սկսել Երևանի, Գյումրու և Վանաձորի որոշ մանկապարտեզներ ընդգրկելով։ Սովորաբար, մեզ մոտ մսուր 2 տարեկանից են երեխաներին ընդունում, մենք փորձնական սկսել ենք մեկ տարեկանից սկսած երեխաների ընդունելություն իրականացնել։

Փորձնական արդյունքներով կփորձենք նաև այս ծառայությունները տարածել մեր մյուս մանկապարտեզներում՝ դրանով կրթությունը հասանելի դարձնելով ավելի փոքր տարիքի երեխաներին»,- ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել