Բելառուս ընդդիմադիր գործիչ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանն այն մասին, որ քանի դեռ Բելառուսի նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է, ինքը կամ ՀՀ որևէ պաշտոնյա այդ երկիր չի այցելի:
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի այցելի Բելառուս, քանի դեռ Լուկաշենկոն իշխանության ղեկին է։ Նա իրավացի է. Լուկաշենկոն դավաճանել է Հայաստանը, ինչպես դավաճանեց Ուկրաինան: Աշխարհին անհրաժեշտ է ազատ և ժողովրդավարական Բելառուսը՝ որպես խաղաղության հուսալի գործընկեր, ոչ թե դավաճան բռնապետ», - X-ում գրել է Տիխանովսկայան։
Հիշեցնենք, որ նախօրեին Փաշինյանն ԱԺ-ում ասել էր. «ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ, բա դուք չե՞ք, որ խոսում եք արժանապատվությունից ու սկզբունքայնությունից։ Չնայած նաև իրավիճակ կա ԵԱՏՄ-ում ու ԱՊՀ-ում, ինչ-որ առումով ստիպված եմ լինելու, բայց նաև հետևյալն եմ ուզում ասել՝ ես արձանագրում եմ, որ Բելառուս ես երբեք չեմ այցելի, ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»,- ասել է Փաշինյանը։
Դրանից հետո Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների: Բելառուսն էլ պատրաստվում է խորհրդակցությունների համար հետ կանչել Հայաստանում իր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:
Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը հայտարարել էր, որ Բելառուսը չի պատրաստվում վատթարացնել հարաբերությունները Հայաստանի հետ։
«Կարևոր է հասկանալ, որ Հայաստանի հետ ունենք երկարամյա սերտ, բարեկամական հարաբերություններ և ընդհանուր պատմություն, իսկ այսօր նաև փոխշահավետ առևտուր, ինչպես նաև սերտ գործարար կապեր։ Մենք չենք պատրաստվում վատթարացնել այդ հարաբերությունները, որքան էլ արտաքին խաղացողները դրդեն Հայաստանի ղեկավարությանը դրան։ Մենք երբեք ոչինչ չենք արել մեր ընկերներին վնասելու համար, մենք չենք խառնվում ներքին գործերին, մենք հարգում ենք հայ ժողովրդին և անկեղծորեն մաղթում ղեկավարներ, որոնք իսկապես կմտածեն երկրի ապագայի և ժողովրդի բարօրության մասին: Մենք բոլորս տեսնում ենք, թե որքան բարդ է ներքաղաքական իրավիճակը Հայաստանում, ինչ արագությամբ է սրվում առճակատումը երկրի ներսում: Տարբեր մարդիկ, իհարկե, տարբեր դիմադրողականություն ունեն լուրջ հուզական սթրեսի նկատմամբ: Դա մենք հասկանում ենք, բայց չենք հասկանում՝ ի՞նչ կապ ունի Բելառուսը»,- ընդգծել էր Անատոլի Գլազը։