168.am-ը գրում է․

Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով տարբեր աստիճանի վնասներ են կրել շուրջ 100 իրավաբանական անձինք․ իրավաբանական այն անձինք, որոնք թափանցիկ են եղել հարկային հարաբերությունների հարցում, ավելի արագ կարող են լուծումներ ստանալ։

Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Փոխվարչապետը տեղեկացրեց, որ խմբավորել են երկու ուղղություն։ Առաջինը ֆիզիկական անձանց կամ տնային տնտեսությունների կորուստները չափագրելու և նրանց աջակցություն ցուցաբերելու ուղղությունն է, իսկ երկրորդը՝ իրավաբանական անձանց մասով է: Իրավաբանական անձինք որքան թափանցիկ են եղել հարկային հարաբերությունների հարցում, այնքան ավելի արագ կարող են լուծումներ ստանալ: Կան նաև գրանցում ունեցող և ինքնակամ կառույցներ:

«Եկել ենք նախնական եզրակացության, որ մեր մոտեցումը պետք է լինի տարբերակված, մեր աջակցության հիմքում առաջին հերթին պետք է լինեն այն սուբյեկտները, որոնք օրինական, գրանցված իրավունքներ են ունեցել այդ կառույցների նկատմամբ, հետևողական են եղել օրենքի պահանջները կատարելու հարցում»,–ասաց Խաչատրյանը:

Հաջորդ շաբաթ աղետի գոտի կգործուղվեն աշխատանքային խմբեր:

«Կան իրավաբանական շուրջ 100 անձինք, որոնք տարբեր աստիճանի վնասներ են կրել: Բայց, իհարկե, գործունեության տեսակներն էլ են առանձնահատուկ: Եվ ելակետային տվյալները, որոնք պետք է հստակեցվեն, որոշակի ազդեցություն կունենան մեր որոշումների վրա: Ունենք 250 տնային տնտեսությունների վերաբերյալ տվյալներ, որոնք իրենք իրենց անձնական գույքային վնասներն են արձանագրել: Համայնքային և մարզային հանձնաժողովները բավականաչափ լրացված տվյալներ փոխանցել են մեզ, սակայն կա որոշակի լրացման կարիք»,–ասաց Խաչատրյանը:

Նա նաև հավելեց, որ օբյեկտիվ պատճառներով մարդիկ չեն վերադարձել իրենց բնակարաններ, ոչ միշտ են այնտեղ, որ անհրաժեշտ չափագրման աշխատանքները հնարավոր լինեն: Բացի այդ՝ քանի դեռ ամբողջությամբ չեն չորացել այդ տարածքները, որոշակի շենքերի վերջնական վիճակը գնահատելու եզրակացության հարցում պետությունը շատ արագ չի կարող լինել:

Սակայն փոխվարչապետը վստահեցրեց, որ աշխատում են այդ հարցերով, հաջորդ շաբաթվա ավարտին նախնական որոշակի պատկեր կլինի:

Մայիսի 26-ին հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են առաջացել։ Հեղեղումների հետևանքով ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ։ Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով կա 4 զոհ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել