«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ գիշերել են Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց: Նրանք շարունակում են փակ պահել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը։  Գիշերը քաղաքացիներն այստեղ բազմաթիվ վրաններ են տեղադրել, ինչպես նաև խարույկ վառել, իսկ վաղ առավոտյան մաքրության աշխատանքներ արել

Նախօրեին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ երթ սկսեց դեպի Բաղրամյան պողոտա, սակայն ոստիկանական մեծաթիվ ուժեր թույլ չտվեցին երթը մտնի Դեմիրճյան փողոց: Ցուցարարների մի խումբը երթով շարժվեց դեպի կառավարական ամառանոցներ, սակայն այնտեղ ևս ոստիկանները թույլ չտվեցին Պռոշյան փողոցից մտնել Դեմիրճյան փողոց:

Գիշերն իրավիճակը մայրաքաղաքի այս հատվածներում լարված է եղել։ Ի վերջո երթը վերադարձել է Բաղրամյան պողոտա, որտեղ էլ հայտարարվել է վրաններ տեղադրելու և նստացույց սկսելու մասին:

Տեսանյութերն ու լուսանկարները կարող եք դիտել BlogNews.am-ի թելեգրամյան ալիքում։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում, անդրադառնալով անցումային կառավարությունը, Բագրատ Սրբազանը նշել է, որ պիտի գործի օրակարգային հստակ երեք ուղղություններով, որոնք են․

ա) Հաշտության կառավարություն վերկուսակցական՝ կազմված բոլոր ունակներից՝ իրենց մասնագիտական վաստակով, գիտելիքներով և նվիրումով։ Ներքին հաշտության՝ արդարության սկզբունքի վրա։

բ) Արտաքին հարաբերություներ՝ իրական խաղաղության, առանց հակաների, հայկական օրակարգով

գ) Սահմանված ժամկետում արտահերթ կամ հերթական ընտրությունների նախապատրաստում և անցկացում՝ առանց հավակնություն ունենալու մասնակցելու այդ ընտրություններին՝ ազատ ու թափանցիկ միջավայր և մեկնարկային արդարություն ապահովելով բոլոր քաղաքական ուժերի համար։

Նա հավելել է, որ այս պահին մենք պետք է որոշում ընդունենք. «Մենք կարող ենք խնդիրը լուծել, եթե վաղվանից սկսած, ընդամենը 4 օր առանց դադարի, առանց աշխատանքի գնալու, առանց հանգստի ու առանց քնելու լինենք փողոցում ու մեր կամքը պարտադրենք»։

Բագրատ Սրբազանը նաև ներկայացրել է երեք քայլից բաղկացած գործողությունների պլանը։

«Քայլ 1. Մեր պահանջով Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները նախաձեռնում են խորհրդարանի արտահերթ նիստ հունիսի 11-ին` ժամը 18։30-ին, կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու օրակարգով։

Քայլ 2.Հունիսի 10-ին Ազգային ժողովի խորհուրդը ժողովրդի որոշմամբ պարտավոր է ընդունել որոշում արտահերթ նիստ հրավիրելու մասին, քաղաքական մեծամասնությունը՝ ՔՊ-ական պատգամավորները, պարտավոր են ենթարկվել ժողովրդի կամքին, գործել անձնական խղճով և համոզմունքով։ Մեր ներկայությամբ մենք նրանց թույլ չենք տալու հերթական հակապետական սխալը գործել։

Քայլ 3. Համաժողովրդական պահանջի հիման վրա խորհրդարանը իր արտահերթ նիստով հավանություն է տալիս գործող կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու որոշմանը», - շեշտել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել