Մեր օրերում այլևս ոչ ոք չի ժխտում պատերազմի հոգեբանական կողմը, ինչպես և ոչ ոք չի ընդունում, թե զինվորն ավելի չէ, քան մի կենդանի մեքենա: Նվաճումների մասին երազող սպան պիտի սովորի նախ նվաճել իր զինվորների սիրտը, իսկ այդ բարոյական հաղթանակի համար՝ նա ընդունակ պիտի լինի, տարրական ռազմարվեստ ուսուցանելուց զատ, ղեկավարել գիտենա նաև նրանց ներքին, հոգեկան կյանքը: Չկա ավելի սխալ, բարբարոս և բարոյազուրկ կարծիք, քան այն, թե պատիժներով կարելի է ուղղել մարդուն, ինչպես ավելի միամիտ կարծիք, քան այն, թե ձևական օրենքի ուժով կարելի է ստիպել զինվորին նետվելու մահվան գիրկը: Անհատն ուզում է գիտենալ, թե ինչո՞ւ է մեռնում, թե ինչո՞ւ պիտի զոհաբերի իր կյանքը: Դա մեռնողի սրբազան իրավունքն է, որ պիտի հարգվի իր ղեկավարի կողմից: Զորքը, որպես ազգամիջյան պայքարի գործիք, հոգի ունեցող հավաքական մարմին է և ոչ մեռյալ մեքենա: Սպա և զինվոր պետք է լրացնեն իրար, նրանցից ամեն մեկը կատարում է ազգային ընդհանուր պարտականության իր բաժինը: Հրամայել ու հնազանդվել՝ երկու համարժեք երևույթներ են, հավասարապես անհրաժեշտ բանակի գործառույթների համար: Մեկը հրամայում է, զոհաբերություն պահանջում մի գերագույն հեղինակության անունով, մյուսը հնազանդվում է հանուն այդ միևնույն հեղինակության: Այսպես անձնական չէ պետի իշխանությունը, ինչպես և զինվորի հնազանդությունը: Ասել է՝ կա մի երրորդը, որի անունով մեկը հրամայում է, մյուսը ենթարկվում: Ցեղն է այդ երրորդը, որի համար զինվորն ու զորավարը՝ եթե հավասար ուժեր չեն, ապահովաբար արժեքներ են, երբ կզոհաբերվեն: Զինվորը, որն երեկ գրեթե ծառա էր, այլևս պետք է համարվի սպայի ինքնագիտակից աշխատակիցը: Նվիրապետական ստորագրելիություն ասելով այլևս պետք է հասկանալ աշխատակցություն և ոչ ծառայակցություն: Ահա՛ թե ո՞ւր է զինվորական ծառայության վեհությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել